Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվոր Մհեր Խլղաթյանի գործով կա նոր ձերբակալված

Քաղաքականություն
zinvor

Նորակոչիկ, ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկվելու գործով կա նոր ձերբակալված։ Այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ձերբակալվել է դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը։ Մերի Սարգսյանը նաև նշեց, որ գործով արդեն 2 ձերբակալված կա՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը: Նրանք բոլորն էլ ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358/1 հոդվածի 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված՝ հանցանքը կատարելու կասկածանքով. մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը: Մերի Սարգսյանը նաև հավելեց, որ մեղադրանք ոչ ոքի դեռ չի առաջադրվել։ Երեկ բժշկական համալսարանում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ դեռևս ապացուցված չէ, որ զինվորի նկատմամբ խոշտանգում է կատարվել: «Զինվորն արդեն գիտակցության մեջ է, և ասում է, որ նման բան չի եղել»,- նշել էր նախարարը և վստահեցրել, որ բոլոր մեղավորները կկրեն իրենց պատիժը: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: