Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի թանկացումն զգացին նաև թերթերը

Տնտեսություն
aram-abrahamyan

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` 2014 թվականի հունվարի 1-ից մի քանի թերթ թանկացել է: Այս առնչությամբ «Ա1+»-ը մեկնաբանություն խնդրեց թերթերից և տպարաններից: «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ թանկանում է, տպագրական ծախսերը թանկանում են, և այդ պայմաններում այլևս նպատակահարմար չէ նույն գնով վաճառել: «Ռիսկեր կան, իհարկե, բայց մյուս կողմից բաժանորդագրությունն արդեն կատարվել է: Մեր հիմնական սպառողները բաժանորդագրվողներն են»,- նշեց Արամ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը համոզված է. «Ով կրպակներից 150-ով գնում է, 200-ով էլ կգնի»: «Հրապարակ» թերթից էլ «Ա1+»-ի հետ զրույցում ասացին, որ թերթը այս տարի դեռ չի տպվել: «Առաջին համարը լույս է տեսնելու հունվարի 15-ին, դրա համար վաղ է այդ մասին խոսել, թեպետ պայմանագրեր ունենք կնքած տարբեր կազմակերպությունների հետ»,- նշեց «Հրապարակ»-ի աշխատակիցը։ Նաև վստահեցրեց, որ առաջիկայում թանկացում չի լինի, բայց վերահաշվարկ կլինի և միայն դրանից հետո կորոշեն՝ կթանկանա՞, թե՞ ոչ»: «Տիգրան Մեծ» հրատարակչության արտադրական բաժնից մեզ հետ զրույցում ասացին, որ տպագրական ծախսերի թանկացումը կապված է գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետ: