Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՐԿԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ՀՖՖ-ի Ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը փետրվարի 9-ին կմեկնեն Բրյուսել, որտեղ հաջորդ օրը կկայանա «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Ա խմբում ընդգրկված երկրների ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպումը:

ՀՖՖ-ն մշակել է «Եվրո-2008»-ի ընտրական փուլի Հայաստանի Ազգային հավաքականի խաղացանկի մի քանի տարբերակ եւ պատրաստ է Բրյուսելում կայանալիք քննարկումներին:

Ի դեպ, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանդիպումները կայանան չեզոք դաշտում: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ին ուղարկած նամակում նշել է, որ «Հայաստանը բազմիցս ոճրագրոծություններ է իրականացրել իրենց նկատմամը եւ զբավթել երկրի 20 տոկոսը, ուստի անհնարին է հանդիպումները անցկացնել Երեւանում եւ Բաքվում»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԿՍԿՍԻ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը փետրվարի 27-ից մարտի 2-ը Կիպրոսում կմասնակցի միջազգային ավանդական մրցաշարի:

Ազգային հավաքականի հայաստանյան անդամներ Գեւորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը, Աղվան Մկրտչյանը, Վալերի Ալեքսանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արմեն Տիգրանյանը, Արթուր Ոսկանյանը, Լեւոն Պաչաջյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը «Փյունիկի» կազմում մինչեւ փետրվարի 15-ը կմասնակցեն Սոչիում անցկացվող ուսումնամարզական հավաքին եւ ստուգողական հանդիպումներին: Արա Հակոբյանը եւ Սամվել Մելքոնյանը «Բանանցի» կազմում ուսումնամարզական հավաքի են Կիպրոսում: Կիպրոս կմեկնի նաեւ Արամ Հակոբյանը:

Հայաստանի Ազգային հավաքականը կիպրոսյան մրցաշարում նույն խմբում է ընդգրկված Ռումինիայի, Կիպրոսի եւ Սլովենիայի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Ռումինիայի հավաքականի հետ` փետրվարի 28-ին, Կիպրոսի ժամանակով ժամը 17:00-ին, Նիկոսիայում: Նույն խմբում ընդգրկված Կիպրոս-Սլովենիա հանդիպումը նույնպես կկայանա փետրվարի 28-ին: Մյուս խմբում ընդգրկված են Ֆինլանդիայի, Ղազախստանի, Հունաստանի եւ Բելառուսի հավաքականները:

Կիպրոս-Սլովենիա հավաքականների հաղթողը կհանդիպի Ռումինիա-Հայաստան հանդիպման հաղթողի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական եւ պատանեկան հավաքականներին այս տարի հագեցած խաղացանկ է սպասվում: Մրցաշրջանին առաջինը կսկսի նախապատրաստվել մինչեւ 17 տարեկանների հավաքականը, որը փետրվարի 12-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ՀՖՖ-ի ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրինությանն է ներկայացրել մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների եւ ստուգողական հանդիպումների երկարաժամկետ ծրագիր:

ՀՖՖ-ում քննարկվում է մարտի 26-ից 28-ը Վրաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ երկու հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Քննարկվում է նաեւ Բելառուսի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

ՀՖՖ-ն արդեն համաձնություն է տվել Իրանում ապրիլի վերջին մասնակցելու Իրանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ հանդիպմանը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը Սոչիում կհետեւի «Փյունիկի» ուսումնամարզական հավաքի ընթացքին եւ ստուգողական հանդիպումներին: «Փյունիկի» կազմում ընդգրկված մի շարք ֆուտբոլիստներ ընդգրկված են նաեւ երիտասարդական հավաքականում: