Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՉԵԶՈՔ ԴԱՇՏՈՒՄ

Սպորտ

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի քարտուղար Ֆահիդ Մուսաեւը հայտարարել է, որ խորհրդակցություն անցկացնելուց հետո եկել են այն եզրակացության, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականների միջեւ նախատեսված հանդիպումները նպատակահարմար է անցկացնել չեզոք դաշտում: Մինչ այդ Մուսաեւը հայտարարել էր, որ առավել հավանական է Թբիլիսիի տարբերակը:

Հայկական կողմն արդեն մի քանի անգամ հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի հավաքականին եւ անվտանգության երաշխիքների դեպքում մեկնել Բաքու: Մասնավորապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ա1+»-ին ասել էր, որ հանդիպումներն, ըստ ՈւԵՖԱ-ի պահանջների, պետք է կայանան միմյան հարկի տակ եւ Հայաստանը հենց վիճակահանությունից հետո է իր պատրաստակամությունը հայտնել այս տարբերակի օգտին:

Երեկ ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջինը մեկնել Բաքու:

Առայժմ չեզոք դաշտի տարբերակը չի քննարկել ՈւԵՖԱ-ն, որին էլ պատկանում է վերջին խոսքի իրավունքը: Ամենայն հավանականությամբ հանդիպումների անցկացման վայրը կորոշվի փետրվարի 10-ին Բրյուսելում կայանալիք քննարկման ժամանակ, որի ընթացքում որոշվելու է ընտրական առաջին խմբի խաղացանկը: