Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՍՏՂԱՁՈՐՈՒՄ ՔԱՄԻՆ ՏԱՆԻՔՆԵՐ Է ՏԱՆՈՒՄ

Մարզեր

Լուրեր մարզերից

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ձնաբուքը քշել է Աստղաձոր գյուղի բնակիչ Հենրիկ Դավեյանի առանձնատան տանիքը։ Քամին այնքան ուժգին է եղել, որ բացի տանիքից պոկել է նաեւ տանիքի շրջագծով շարված հենաքարերը՝ վնասելով կացարանի երկաթբետոնե ծածկը։

Ըստ տարածաշրջանի օդերեւութաբանների, այդ օրը քամու` մինչեւ 30 մ\վ արագությամբ պոռթկում է դիտվել։ Ըստ տուժածի, բնակարանի տանիքը դեռեւս 2005-ի ապրիլին էր նորոգվել, ուստի խարխուլ չէր:

Բնության տարերքից տուժած գյուղացին առայժմ տարակուսած է՝ չիմանալով ում դիմել. պետական ապահովագրման համակարգ չկա, իսկ սեփական միջոցների սղությունն առանց այդ էլ հազիվ էր բավարարում տարրական կենսապայմանների ապահովմանը։ Ճարահատ գյուղացին դիմել էր գյուղապետարան։ Սակայն գյուղապետարանից բոլոր դիմումներին պատասխանում են, որ փաստը պետք է ներկայացնեն մարզպետարան:

Մեր հարցին, թե ինչո՞ւ է հենց գյուղապետարան դիմել՝ գյուղացին պատասխանեց, որ՝ նախ ճանապարհներն են փակ ու նաեւ ինքը տեղյակ չէ, թե ուրիշ որտեղ կարող է դիմել... Աստղաձորի գյուղապետ Բալաբեկ Մինասյանից փորձեցինք պարզել, թե գործնականում ինչպե՞ս կարող է գյուղապետարանն աջակցել աղետից տուժածին: «Նախ գնացել, զննել ենք, որ իրոք եդ աղետը կատարվել է: Գյուղապետարանի միջոցները սուղ են, միայն աշխատուժով կարող ենք օգնել։ Մարզպետարանին դիմենք, գուցե՞ ինչ-որ ձեւով օգնեն...մարդկայնորեն»,- ասաց գյուղապետը։

Մարտունի, «Զանգակ» հ/ը