Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հասարակություն

Հայ- թուրքական հաշտեցման հանձնաժողովի անհաջող գործունեությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ կողմերը որոշեցին սկսել ամենաբարդ լուծում պահանջող խնդրի կարգավորմամբ: Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում գտնվող Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի պատգամավոր, Ժողովրդական ձախ կուսակցության անդամ Գյոնուլ Սարայը:

Թուրք կանանցից բաղկացած պատվիրակությունը նպատակ ունի համագործակցել հայաստանցի կին պատգամավորների, կանանց հարցերն ուսումնասիրող հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանում գտնվելու 3 օրվա ընթացքում թուրք կանայք հասկացել են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցումը կարող է սկսվել կանանց համագործակցությունից: Թուրք կանայք գտնում են, որ 2 երկրների միջեւ համագործակցությունն անհրաժեշտ է սկսել կրթական, սոցիալական, մշակութային խնդիրների կարգավորումից: Նրանք համոզված են, որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի նպաստել նաեւ Հայաստանը՝ շրջափակումից դուրս հանելու գործընթացին:

Ցեղասպանության խնդրին թուրք կանանց պատվիրակությունն անդրադառնալ չցանկացավ: Կանայք միայն նշեցին, որ թե հայերը, եւ թե թուրքերը 1915 թվականին մեծ կուրուստներ են ունեցել, 2 երկրների կանայք էլ սեւ են հագել: «Մեր նպատակն է խաղաղություն հաստատել 2 երկրների միջեւ ու որ սեւ հագուստով կանանց թիվը չշատանա»,- ասում է թուրք պատգամավորը: