Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

27-Ի ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂՆԵՐԸ «ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼՈՒ ԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ», ԱՍՈՒՄ Է ԱՊԱԳԱ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱ

Հասարակություն

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանն այսօր ցուցմունք տվեց որպես հոկտեմբերի 27-ի գործով տուժող:

Նա հիշեց, ինչպես դահլիճ ներխուժեց Կարեն Հունանյանն ու, անձրեւանոցի տակից հանելով ինքնաձիգը, կրակ բացեց վարչապետի ուղղությամբ: Պատգամավորը հասցրել է նկատել, որ Վազգեն Սարգսյանը ձեռքով շարժում է արել ու ասել «Սա ո՞վ է»:

Պատգամավորը հիշեց նաեւ, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանն ասել.«Տղաներ այդպես հարց չեն լուծում», թե ինչպես էր Անդրանիկ Մանուկյանը սողում դահլիճում ու խնդրում, որ իրեն դուրս թողնեն, ինչպես է Կարեն Հունանյանը մի ձեռքով կրակել դահլիճի կինոխցիկների ուղղությամբ:

Մյասնիկ Մալխասյանը նկատել է, որ ահաբեկիչները ինչ-որ բանի էին սպասում: Հետո, երբ խոսել են հեռախոսով տարբեր մարդկանց հետ, երբ ներս է եկել լրագրող Տիգրան Նազարյանն ու երկար զրուցել Նաիրիի հետ, նրանք անորոշության մեջ են ընկել: Դրանից հետո իրավիճակը փոխվել է, թույլ են տվել բժիշկ հրավիրել, վիրավորներին դուրս տանել: Դիակները դուրս տանելուց հետո Մալխասյանը չի եկել դահլիճ, սակայն եղել է մինչ առավոտ ԱԺ շենքում:

Մյասնիկ Մալխասյանը համոզված է, որ երկիրը հոկտեմբերի 27-ին հարվածի տակ դրվեց ազգային անվտանգությունը եւ իրավիճակից կարող էին օգտվել թշմամիները: Նա հայտարարեց, որ դա ազգային դավաճանություն էր, եւ հանցագործները անպայման պիտի մահապատժի ենթարկվեն:

Մալխասյանի ցուցմունքները դուր չեկան Կարեն Հունանյանին, որը ռեպլիկ նետեց. «Մի ղժղժա»:
Պատգամավորը զայրացավ ու ձայնը բարձրացրեց. «Հըլա դրան նայեք, դավաճաններ, այլանդակներ, դուք դեռ կգնդակահարվեք»: Կարեն Հունանյանն էլ ճաղավանդակի ետեւից սպառնաց պատգամավորին.«Գլխիդ գալիքը դեռ չգիտես, դու գնդակահարվելու ես հեղափոխությունից հետո»:Դատավորը ստիպված էր ընդմիջում հայտարարել:

Այն ժամանակ , երբ ամբաստանյալներին հեռացնում էին դահլիճից, Կարեն Հունանյանը շարունակում էր սպառնալիքները, նրան լռեցնելն անհնար էր: Ընդմիջումից հետո դատավոր Ուզունյանը Կարեն Հունանյանին նախազգուշացրեց վերջին անգամ, որ եթե նա շարունակի խանգարել նիստերը, ապա դատարանը միջոցներ կձեռնարկի, կքննարկի նրա` դատավարությանը մասնակցության հարցը: Կարեն Հունանյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատավորն արգելեց: