Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՏԵ՞Ղ Է ՏԵՍԱԵՐԻԶԸ

Հասարակություն

Ռուս փաստաբան Օլեգ Յունոշեւն այսօր նորից միջնորդեց, որ հայտնաբերվի 1999 հոկտեմբերին ՊՆ-ում տեսագրված ժապավենը:

Յունոշեւը տեղեկացրեց , որ 99-ի հոկտեմբերի 28-ին կամ 31-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը եկել է Պաշտպանության նախարարություն եւ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ ասել.«Ես եկել եմ հանձնվելու, ինձ ինչ ուզում եք արեք, միայն երեխաներիս ձեռք չտաք»: Ալիկը հայհոյել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա կնոջն ու երեխաներին, մեղադրել նախագահին, թե իբր նա է կազմակերպել հոկտեմբերի 27-ը:
Փաստաբանը միջնորդեց հայտնաբերել տեսաերիզը, ճշտել դեպքի ականատեսների ցանկն ու հարցաքննել նրանց:

Յունոշեւը տեղեկացրեց, որ դեպքին ներկա է եղել առողջապահության նախկին փոխնախարար Արտակ Զեյնալյանը: Վերջինս ներկա էր դատավարությանը եւ Յունոշեւը դատարանին առաջարկեց հարցաքննել նրան: Դատավորն ապշեց, ինչպե՞ս կարելի է որպես վկա հարցաքննել մի մարդու, որն առավոտից նստած է դահլիճում, չէ՞ որ կա վկաներին հարցաքննելու կարգ: Իհարկե փաստաբանը նկատեց, որ նրա ցուցմունքը որեւէ կերպ չէր ազդի մյուսների ասածների վրա, եւ ոչ էլ ինքը ուղղորդում է Զեյնալյանին, սակայն դատավորը Զեյնալյանին դուրս հրավիրեց դահլիճից:

Միջնորդությունը բուռն քննարկվեց:
Յունոշեւը գտնում է, որ կա 3 տարբերակ

ա/ Ալիկ Հարությունյանը չի եղել ՊՆ-ում
բ/ ոչինչ չի ասել
գ/ զրպարտել է նախագահին, ինչի համար պիտի պատասխանատվության ենթարկվի:

Ժամանակին Ալեքսան Հարությունյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ ինքն էլ, Ալիկն էլ շահագրգռված են, որ տեսաերիզը հայտնաբերվի եւ բոլոր հարցերը լուծվեն: Նա հիշեցրեց, որ Ալեքսան Հարությունյանն այս գործով արդարացված է: Երկարատեւ եւ բուռն քննարկումներից հետո, դատավորը հայտարարեց, որ չի կարող որոշում ընդունել «երեւակայական, գոյություն չունեցող» տեսաերիզի վերաբերյալ, որ նախապես պիտի որոշակի հանգամանքներ ճշտվեն:

Դատավարությունը կշարունակվի երկուշաբթի օրը: