Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԻ» ԵՎ «ՄԻԿԱՅԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 2 սկզբունքային մրցավեճ: Չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալել էր «Կիլիկիային»: Թեեւ կողմերը դարպասը գրավելու մի քանի լավ պահեր ունեին, սակայն մինչ հանդիպման վերջին րոպեն հաշիվը չէր բացվել եւ թվում էր, թե խաղը կավարտվի գոլազուրկ` ոչ-ոքի: Սակայն 90-րդ րոպեին Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկի» առաջատար կիսապաշտպան Աղվան Մկրտչյանը գրավեց «Կիլիկիայի» դարպասը եւ չեմպիոնը հերթական 3 միավորը վաստակեց:

Մրցանակային տեղերի համար կարեւոր հանդիպում կայացավ նաեւ «Միկայի» եւ «Բանանցի» միջեւ, որոնք նախորդ առաջնությունում գրավել էին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը եւ շուտով 2 թիմերն էլ հանդես են գալու ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: 1-ին կեսում «Միկան» բացահայտ առավելություն ուներ եւ շուտով Արտյոմ Ադամյանը օգտվելով «Բանանցի» դարպասապահի անփույթ խաղից բացեց խաղի հաշիվը: Մինչ ընդմիջում նույն Ադամյանը եւս մեկ անգամ դարձավ գոլի հեղինակ: Թվում էր` «Միկան» խոշոր հաշվով կհաղթի, քանի որ Արմեն Ադամյանի սաները գեղեցիկ խաղ էին ցուցադրում եւ բազմաթիվ գոլային պահեր ստեղծում: Սակայն 2-րդ կեսում այլեւս դարպասի գրավում չարձանագրվեց, եւ «Միկան» հաղթեց 2:0 հաշվով: