Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Սպորտ

ԿԱՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Աշտարակի «Միկայի» նախկին ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանը, որը այժմ հանդես է գալիս Բելառուսի «Դարիդա» ակումբում, դարձել է թիմի առաջատարը եւ բավականին հաջող ելույթներ է ունենում: Բելառուսի առաջնության հերթական տուրում Կարենը 2 գոլի հեղինակ է դարձել: Ըստ բելառուսական մամուլի նա հիանալի մարզավիճակում է եւ զարմանալի է, որ Մուրադյանին չեն հրավիրում Հայաստանի հավաքական:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին էլ 2-րդ խաղում անընդմեջ անառիկ է պահում իր դարպասը Մոսկվայի «Դինամոյի» կազմում: Այս անգամ Ռոմանը հաջող խաղաց Գրոզնիի «Թերեքի» հետ խաղում, որտեղ «Դինամոն» հաղթեց 1:0 հաշվով:

Պերմի «Ամկարում» հանդես եկող Ալբերտ Սարգսյանն էլ հերթական զգուշացումը ստացավ Ռուսաստանի առաջնությունում, այս անգամ ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում: Ալբերտը արդեն մեկ անգամ ռեկորդ է սահմանել մեկ մրցաշրջանի ընթացքում ստացած դեղին եւ կարմիր քարտերի քանակով, իսկ այդպես շարունակելու դեպքում կարող է դառնալ նաեւ ամբողջ Ռուսաստանի առաջնությունների բոլոր ժամանակների ամենաանկարգապահ ֆուտբոլիստը:

ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒԱԿՎՈՒՄ ԵՆ

Սարգիս Սարգսյանը թենիսի Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարի առաջին փուլում 6:7, 3:6, 4:6 հաշիվներով պարտվեց Նիկոլյա Մասուին եւ դուրս մնաց հետագա պայքարից: 2005թ. ընթացքում Սարգիսը բավականին անհաջող է հանդես գալիս եւ 7 մրցաշարերից ընդամենը 2-ում է կարողացել հաղթահարել առաջին փուլի արգելքը, որից հետո պարտվել է երկրորդում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Սարգսյանը առաջին փուլում զիջեց Բելառուս Միրնիին TELE10 - ի մրցաշարում:

Նախորդ տարիներին Սարգիս Սարգսյանը անհամեմատ հաջող էր հանդես գալիս եւ նույնիսկ կարողացել է 2 մրցաշարում եզրափակիչ մտնել : Ուիմբլդոնի մրցաշարում այսօր իր առաջին հանդիպումը կանցկացնի Դավիթ Նալբանդյանը, որի մրցակիցը Ռամոն Սլեյտերն է:

ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

Լիլիթ Մկրտչյանը շախմատի կանանց Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում սպիտակներով հաղթեց վրացուհի փորձառու շախմատիստուհի Նանա Ձագնիձեին: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Սիլվիա Կոլասիիի հետ:

Այս տուրի հետո Լիլիթ Մկրտչյանը կրկին բարելավեց մրցաշարային իր դիրքը եւ այժմ 6.5 միավորով հավականում է 3-րդ հորիզոնականին, իսկ առաջատարներին զիջում է ընդամենը կես միավորով: Էլինան 6 միավորով 19-րդ հորիզոնակիանում է, սակայն դեռ հնարավորություն ունի մրցանակային տեղ գրավել: 10-րդ տուրում Լիլիթը սեւերով կմրցի Լիտվան ներկայացնող Վիկտորիա Կլիմունտեի հետ:

Իսկ ահա Վարշավայում ընթացող տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում կայացան 3-րդ տուրի հանդիպումները: Մինչ այս տուրը հաղթանակներ տոնած Աշոտ Անաստասյանը եւ Արտաշես Մինասյանը պարտություններ կրեցին: Պարտվեց նաեւ Տիգրան Նալբանդյանը: Հաղթանակներ տոնեցին Լեւոն Արոնյանը, Կարեն Ասրյանը , Սմբատ Լպուտյանը:Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքիով: Հայ շամատիստներից այժմ լավագույն արդյունքը ունեն Լեւոն Արոնյանը եւ Կարեն Ասրյանը, որոնք վաստակել են 2.5-ական միավորներ: