Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎ ՆՈՐԻՑ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հասարակություն

Այսօր կազմակերպած սեմինարին բացի արդարադատության նախարարության ներկայացուցչից, գործադիր իշխանության եւ հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովից ոչ մեկը չէր եկել:

«Երկխոսությունը, որը մենք ակնկալում էինք հենց պետության, պետական մարմինների հետ` պարզելու համար, որ հետագայում անցկացվող մրցույթները լինեն օրինական: Այդ երկխոսությունն ինչ-որ չափով հարցականի տակ է», - ասում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:

Քննարկումը հենց սկզբից կազմակերպվեց մի նախապայմանով. ենթադրվեց, իբր օրենքները կատարյալ են: Ներկաները համաձայն էին, որ օրենքներն իհարկե կատարյալ չեն, սակայն եթե դրանք չխախտվեն, ապա` օրինակ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները եթերից չէին զրկվի:

Օրենսդիր իշխանության ներկայացուցիչ պատգամավոր Շավարշ Քոչարյանն այսօր նորից պնդեց իր կողմից մի քանի ամիս առաջ արված հայտարարությունն, ըստ որի, «Ա1+» հեռուստաընկերության փակումը գործող օրենքի կոպիտ խախտումներով իրականացված քաղաքական պատվեր է, այլ ոչ օրենքի անկատարության հետեւանք:

Քննարկման մասնակիցները նաեւ շեշտեցին, որ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովն, ըստ էության, անցնում է ունեցած լիազորություններից, խախտում է օրենքները եւ իրեն վերապահում օրենսդիրի իրավունք: Փոխարենն, ըստ մասնակիցների, պետք է ունենար իրավապաշտպանի դեր:

Խոսվեց նաեւ լրատվամիջոցների երկու բանակի բաժանվելու մասին: Փոխարենը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, խոսքի ազատության ոտնահարման առաջին իսկ փաստից հետո պետք է ստեղծվեր լրագրողների մի արհմիություն, որը կպաշտպաներ ազատ խոսքի շահերը, այլ ոչ թե հայտարարվեր, թե ազատ խոսքը Հայաստանում վտանգված չէ.
«Տվյալ ոլորտի ընդհանուր շահի գիտակցությունը դեռեւս չկա: Բոլորի մոտ այն կարծիքն է, որ առայժմ մեզ չեն կպչում, փորձենք իշխանությունների հետ լավ լինենք: Սա այն դեպքն էր, որ ոչ միայն հեռուստաընկերությունները, բոլոր մամուլի միջոցները պետք է միանային եւ եթերադուլ, գործադուլ, ամեն ինչ անեին»:

Քննարկումների ավարտին եզրակացություն արվեց, որ խոսքի ազատության ոտնահարման պայմաններում Հայաստանի լրագրողներն ունեն աշխատելու 2 ճանապարհ: Կամ իրավական, որն այսօր անկատար է եւ առայժմ ոչ հեռանկարային, կամ էլ բռնի ուժով հաղորդակ կամ խմբագրություն գրավել ու աշխատելը: ՈՒ, չնայած Հայաստանի դատաիրավական ոլորտի անկատարությանը, Հայաստանի լրագրողներն, այնուամենայնիվ, խոսքի ազատության նվաճման համար ամեն դեպքում ընտրում են խնդրի լուծման իրավական ճանապարհը: