Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՑՎԵՆ, ՈՐ, ԱՍԵՆՔ, ՄԱՐԴԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԹԱՏՐՈՆ ԳՆԱ...

Քաղաքականություն

Այսօր Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցած կառավարության նիստում որոշվել է 2003 թվականի հունվարի 1-ից բարձրացնել նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատողների աշխատավարձերը: Ըստ սոցիալական ապահովության փոխնախարար Աշոտ Եսայանի, այսօր կառավարության նիստում հաստատվել է քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենքի նախագիծը:

Փոխնախարարի հաշվարկներով աշխատավարձերի բարձրացման համար առնվազն մեկ միլիարդ 900 միլիոն դրամ կպահանջվի մյուս տարվա պետական բյուջեում: Պարոն Եսայանը չբացառեց, որ օրենքը կտարածվի առնվազն 8-9 հազար քաղաքացիական ծառայողի վրա. «Ասենք, մարդը մեկ անգամ կարողանա թատրոն գնալ եւ, ասենք, իր սիրած գիրքը գնի»: Պարոն Եսայանը բացառեց, որ մոտ երկու միլիարդ դրամը կգոյանա նախարարություններում իրականացրած հաստիքների կրճատման հաշվին: Ըստ նրա, օրենքով ամրագրած աշխատավարձերի բարձրացումը կիրականացվի պետբյուջեի հնարավորություններից: Այնուամենայնիվ նախարարություններն իրենք պետք է որոշեն բարձրացված աշխատավարձի չափը):

Ի դեպ այսօր կառավարության նիստում լսվել է 67 հարց ներառյալ հեռուստատեսային եւ տպագիր լրատվամիջոցներում ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդների կանոնակարգումը. ծխախոտի գովազդն ընդհանրապես առաջարկվում է օրինագծով արգելել, իսկ տպագիր մամուլում արգելել կազմի վրա եւ առաջին էջում տեղադրելը: