Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բայդեն
A A
Պաշտոնական

Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև հարգանքի տուրքն ենք մատուցում հայ ժողովրդի տոկունությանը. Բայդենի հայտարարությունը

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է եկել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով ավանդական հայտարարությամբ, ուր ընդգծել է՝ «մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն վերապրելուց հետո՝ այն վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար»։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով իր ուղերձում ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է.

«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։

Դաժանության արշավը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին։ Հետագա օրերի, ամիսներին և տարիներին մեկ ու կես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ բռնեցին մահվան երթի ուղին՝ ընդմիշտ կոտրված թողնելով ընտանիքները ու հավերժ փոխելով սերունդներին։

Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև հարգանքի տուրքն ենք մատուցում հայ ժողովրդի տոկունությանը։ Մարդկության պատմության ամենամութ գլուխներից մեկն վերապրելուց հետո՝ այն վերապրածները սկսեցին կառուցել ավելի լավ ապագա մեր աշխարհի համար։ Խիզախությամբ և նվիրվածությամբ վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին երկրներն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև մեր երկիրը: Եվ նրանք փոխանցեցին իրենց պատմությունները՝ վստահ լինելու համար, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային կոտորածներն այլևս երբեք չեն կրկնվի:

Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները շարունակելու է պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ ընդդեմ անհանդուրժողականության: Մենք ատելությանն ու սարսափին շարունակելու ենք պատասխանել հույսով և ապաքինմամբ։ Եվ մենք շարունակելու ենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվությամբ, անվտանգ և հարգանքով», ասված է նախագահ Բայդենի հայտարարության տեքստում:

Ամերիկայի ձայն