Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ Հասարակություն

Հայկական ժամանակակից և ժողովրդական երաժշտության երեկո՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում այսօր հայկական ժամանակակից և ժողովրդական երաժշտության երեկո էր՝ կենդանի համերգային ծրագրով:

Համերգը կազմակերպվել է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծագործական աքսելերացիոն ծրագրի շրջանակներում, որի նպատակը Հայաստանում ստեղծագործական միջավայրի զարգացումն է։

Համերգը բացեցին Արցախի «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի համույթը՝ ներկայացնելով արցախյան բարբառով երգերի շարան։ Ինչպես նշեց համերգի գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացնող Օբերտոն երաժշտական ընկերության ներկայացուցիչ Տաթև Մկրտումյանը, ընկերությունն ամեն միջոցառման մեջ փորձում է ներգրավել արցախցի արվեստագետներին, որպեսզի և՛ նրանց ճանաչելիությունը բարձրանա, համագործակցեն այլ արվեստագետների հետ, և՛ ինտեգրացան ավելի հեշտ լինի։

Ելույթներով հանդես եկան թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը , Տիեզերք խումբը, երգչուհի Մարբին, «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը և երիտասարդ քամանչահար Աշ Ղազարը:

««Կատապուլտ» ծրագրի համակարգողների հետ որոշել ենք, որ անպայման մասնակցեն Արցախից տեղահանված արվեստագետներ, ներկայացնեն արցախյան արդիական և հին ժողովրդական արվեստը։ Այս պահին համագործակցում ենք «Մենք ենք, մեր սարերը» համույթի և երգչուհի Մարբիի (Մարինե Հակոբյան) հետ։ Նշեմ նաև, որ «Ռե Արմենիա» պլատֆորմում դրամահավաք է կազմակերպվում՝ Արցախի պետական համույթի նվազագույն ծախսերը ապահովելու համար։ Պատրաստ ենք համագործակցելու երաժշտարվեստի ներկայացուցիչների հետ, ովքեր ցանկություն կհայտնեն մեզ հետ աշխատելու»,- ասում է Օբերտոն երաժշտական ընկերության համահիմնադիր Լուսինե Ոսկանյանը:

Նշենք, որ մարտի 28-ից կենտրոնում բացվել և մինչև ապրիլի 28-ը ընթանալու է «Տվյալներից անդին» ցուցահանդես – վաճառք։ Ցուցահանդեսում ներկայացված են այնպիսի գործեր, որոնց միջոցով արտահայտվում են արվեստի տնտեսական զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրները։

Անահիտ Պետրոսյան