Բացել լրահոսը Փակել լրահոսը
a59b3631-9d1d-4dce-aca3-4f744ffff9a6
A A
Հասարակություն

«Դժվարությունների առաջ կանգնած կանայք հմտություններ են ստանում»․ վարսահարդարման և մատնահարդարման դասընթացներ՝ Արցախից բռնի տեղահանված կանանց համար

Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Այվազյանը 17 տարի է՝ զբաղվում է սիրած գործով։ Թեեւ մասնագիտությամբ հաշվապահ է, այս ոլորտում չի աշխատել։ Յուրացրել է  մատնահարդարման արհեստը։

Լիլիթը երիտասարդ տարիքում կորցել է ամուսնուն։ Մեծ դժվարություններ է հաղթահարել․

«Երբ թվում էր, որ ամեն ինչ իր հունով է ընթանում, կրկին մի անլուծելի խնդրի առաջ էի կանգնում։ Այդպես էր 2020-ին պատուհասած համավարակի, ապա 44-օրյա պատերազմի օրերին։ Առանց վհատվելու կարողացել եմ նետված մարտահրավերներին արժանիորեն դիմակայել։ 7 տարի է, ինչ այս գեղեցկության սրահի տնօրենն եմ»,- ասում է նա։

2020 թվականից բարեգործական ծրագրի շրջանակներում դասընթացներ է անցկացնում գեղեցկության սրահում։

«Հիմնական շահառուները հաշմանդամ երեխաներ ունեցող և միայնակ մայրերն են, որոնց հնարավորություն է տրվում երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ անվճար նոր մասնագիտություն ձեռք բերել։ Դժվարությունների առաջ կանգնած կանայք այնպիսի հմտություններ են ստանում, որպեսզի կարողանան նաև տնից աշխատել և այն համատեղել երեխաների խնամքի հետ։ Այս տարիների ընթացքում 60-ից ավելի կանանց և աղջիկների արհեստ ենք սովորեցրել և օգնել աշխատանք գտնել։ 70 տոկոսից ավելին հաջողել են՝ աշխատում են թե՛ տանը, թե՛ սրահում։ Դասընթացը տևում է 2 ամիս, շաբաթական 3 դաս՝ 3 ժամ տևողությամբ»։

Սրահում ներկայում 8 ուսանող կա, ովքեր սովորում են վարսահարդարման և մատնահարդարման արհեստը։ «Սոցիալական որոշ խմբերի պատկանող 4 կին հմտություններ է ձեռք բերում բարեգործական ծրագրի շրջանակներում, 4 հոգի էլ արցախցիներին աշխատանքով ապահովման սոցիալական աջակցության պետական ծրագրով, որը ենթադրում է մասնագիտական կարողությունները կատարելագործում, ուսուցում և պրակտիկա, ինչպես նաև նոր հմտությունների ձեռքբերում։ Գրեթե բոլորն էլ երկրորդ մասնագիտություն են ձեռքբերում»։

Ասում է՝ Արցախից բռնի տեղահանվածների դեպքում, բացի ուսուցումը, հետամուտ են նաև մշտական աշխատանքով ապահովելու հարցում, ինչպես նաև՝ ինտեգրացիան մեղմելու։

«Պետական աջակցության ծրագրի շրջանակներում եռամսյա ուսուցում անցնելուց հետո 3 ամիս ժամկետով նրանց աշխատանքի ենք տեղավորում։ Սովորում են բացառապես մեր գործիքներով։ Այդ ընթացքում հետևողական լինում նրանց հմտությունները զարգացնելու գործում։ Նրանք այնպիսի որակավորում են ստանում, որ ազատ կարողանան երկրից դուրս նաև աշխատանք ունենալ։ Սակայն մենք անում ենք մեզանից կախվածը՝ որպեսզի մեր երկրում աշխատեն, արտագաղթ չլինի»,- ասում է տիկին Այվազյանը։

Զրույցի ընթացքում սրահում դասընթաց էր ընթանում։ «Այստեղ մեզ գրկաբաց են ընդունել, ու անհրաժեշտ ուսուցում ստանալուց զատ ստեղծված է այնպիսի ջերմ ու հարազատ միջավայր, որտեղ մենք մեզ արժևորված ենք զգում։ Ստեղծված բարենպաստ շրջապատի շնորհիվ կարողացանք նաև հոգեբանական խնդիրները հաղթահարել»,- ասում է Արցախից բռնի տեղահանված Անուշը, ով շուրջ 20 ամյա մանկավարժական ստաժ ունի, այժմ էլ ձեռք է բերում վարսահարդարման հմտություններ։

Անահիտ Պետրոսյան