Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
A A
Քաղաքականություն

Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մարտի 13-ին և 14-ին տեղի ունեցած երկու արտահերթ նիստերի օրակարգում  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերն են եղել:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը, առաջին արտահերթ նիստով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ըստ աղբյուրի՝ մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը:

Նշվում է, որ Աննա Հակոբյանը, մինչև հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից և այդպիսով նաև թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը:

«Մխիթար Հայրապետյանի նախարար նշանակվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի անխափան իրագործումը և հիմնադրամի հետագա բնականոն գործունեությունն առավել արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ստանձնեմ հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները՝ թողնելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և դուրս գալով Հոգաբարձուների խորհրդից: Տնօրենի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ծրագրերի իրագործմանը, և այս մոդելի փորձարկումը հիմնադրամին նոր լիցք տալու նպատակ ունի նաև: Սա մեր գործերի տեսանելիությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու լրացուցիչ գործոն կդառնա։

Շնորհակալ եմ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին այս տեսլականը կիսելու, գործադիր տնօրենի  կարգավիճակն ինձ վստահելու և Մխիթար Հայրապետյանին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու համար: Ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրագործումն ապահովելուն զուգընթաց կփորձենք ռազմավարական նոր ծրագրեր մեկնարկել: Կրկին շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին»,-  հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամի կարգավիճակը թողնելը և հիմնադրամի տնօրեն նշանակվելը մեկնաբանել է Աննա Հակոբյանը: