Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Քաղաքականություն

Միրզոյանը ցավակցություն է հայտնել իսպանական Վալենսիայում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհի հետևանքով  զոհվածների ընտանիքներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը ցավակցական գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:

«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- մասնավորապես նշել է ՀՀ արտգործնախարարը:

 Իսպանիայի Վալենսիա քաղաքի բարձրահարկ բազմաբնակարան շենքերից մեկում փետրվարի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկվել, որը հրշեջներին հաջողվել է մարել հաջորդ օրն առավոտյան:

Հրդեհը բռնկվել է 14-հարկանի շենքում, որն ուներ մոտ 450 բնակիչ, այնուհետև տարածվել է հարևան շենքում։

Ուժգին քամիները նպաստել են կրակի տարածմանը, սակայն տարբեր ԶԼՄ-ներ նշում են, որ հրդեհի արագ տարածման պատճառը շենքի երեսպատման համար օգտագործված դյուրավառ նյութերն են։

«Ռոյթերս»- փոխանցմամբ՝ ըստ տեղի ոստիկանության տվյալների, հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: