Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԳՄՍՆ
A A
Պաշտոնական

Նախագիծ. կամավոր ատեստավորում կանցնեն նաև ՏՄԱԿ-ի մանկավարժական աշխատողները

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, դրա արդյունքով հավելավճարի տրամադրման և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։

Համընդհանուր ներառական կրթությունն ուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։ Երեխաների նեղ մասնագիտական աջակցությունը ցուցաբերվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում: Նախագծով առաջարկվում է կամավոր ատեստավորման գործընթաց սահմանել նաև նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագետների համար՝ բարձրացնելով նրանց մասնագիտության գրավչությունը, ստեղծելով մասնագիտական զարգացման և աշխատանքի նախընտրելիության համար նպաստավոր պայմաններ: Այդ ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ նեղ մասնագիտական ծառայություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:

Համաձայն նախագծի՝ ատեստավորումը կանցկացվի յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ:

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների գիտելիքների իմացության գնահատման արդյունքում, ըստ տվյալ մասնագետի պատրաստվածության, կտրամադրվի հավելավճար: Հաշվի առնելով, որ կամավոր ատեստավորումը մասնագետի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետևաբար, կենտրոնի փոփոխության դեպքում հավելավճարի տրամադրումը կպահպանվի։

Կարևոր նախաձեռնություն է նաև կամավոր ատեստավորման գործընթացում մասնագետի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս՝ հինգ տարի ժամկետով հավելավճարի տրամադրումը:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի հետևյալ տրամաբանությամբ`

1) ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ հավելավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

Հավելավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ