Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan - kipros
A A
Սպորտ

Այսօր կկայանա Հայաստան – Կիպրոս 7-րդ ֆուտբոլային հակամարտությունը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական խաղում կհանդիպի Կիպրոսի ազգային թիմի հետ:

Երկու հավաքականներն էլ անհաջող են սկսել Եվրո-2024-ի ընտրական փուլը: Մեր ընտրանին առաջին խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով զիջել է Թուրքիային, իսկ կիպրոսցիները հյուրընկալվելիս 0:3 խոշոր հաշվով պարտվել են Շոտլանդիային:

Գլխավոր մարզիչների կարծիքը խաղի մասին.

Թեմուրի Կեցբայա (Կիպրոսի հավաքականի գլխավոր մարզիչ). «Մենք ժամանել ենք այստեղ Շոտլանդիայի ընտրանու դեմ բարդ խաղից հետո և պատրաստվելու շատ ժամանակ չենք ունեցել: Ուստի վաղվա խաղին նորեկներ կլինեն: Չնայած հանդիպումը ընկերական է, սակայն դրան մոտենում ենք ինչպես պաշտոնականի: Փորձելու ենք դրական արդյունքի հասնել, որպեսզի ապացուցենք, որ նախորդ խաղի արդյունքը պատահականություն էր»:

Ալեքսանդր Պետրակով (Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ). Կիպրոսի հավաքականը եվրոպական կարգի թիմ է, լավ կազմ ունի, հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում: Շոտլանդիայի հետ խաղում կիպրոսցիները լավ տեսք ունեին, հաշիվը չի համապատասխանում թիմի ցուցադրած խաղին: Մեզ դժվար պայքար է սպասվում, քանի որ մենք դեռ վերականգնվում ենք Թուրքիայի հետ խաղից հետո»:

Հայաստան – Կիպրոս ֆուտբոլային դիմակայության պատմությունից

Հայաստանի և Կիպրոսի հավաքականներն առաջին անգամ հանդիպել են Եվրոպայի 1996թ առաջնության ընտրական փուլի շրջանակում: 1994թ հոկտեմբերի 8-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած թիմերի առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0: Նույն տարվա նոյեմբերի 16-ին Կիպրոսում կայացած պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթել են տանտերերը:

Երկու երկրների հավաքականները չնայած հետագայում չեն հայտնվել աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական նույն խմբում, սակայն չորս անգամ հանդիպել են ընկերական խաղերում: Դրանցից երեքը կայացել է Կիպրոսում: Այդ խաղերում դարձյալ հաղթանակ են տարել դաշտի տերերը՝ 3:2, 2:0, 3:1:

Թիմերը վերջին անգամ իրար հետ հանդիպել են 2017թ նոյեմբերի 13-ին: Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 3:2 հաշվով հաղթանակ են տարել մեր ֆուտբոլիստները:

Այդ հանդիպմանը մասնակցած մեր խաղացողներից չորսն այժմ էլ գտնվում են հավաքականում: Նրանք են դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Կամո Հովհաննիսյանը, կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

Կիպրոսի ներկայիս հավաքականից 2017թ խաղին մասնակցել են 5 ֆուտբոլիստ՝ Անտոնիադիսը, Կիրյակուն, Խրիստոֆին, Լաիֆիսը և թիմի ավագ Արտիմատասը:

Հայաստան – Կիպրոս հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Խաղը կսպասարկեն Մոլդովայի մրցավարները՝ Դումիտրու Մոնտեանի գլխավորությամբ: Խաղի տոմսերը վաճառվում են առցանց և «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում։