Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ազատում զինվորական կացարանի սպան հրաժարվել է ցուցմունք տալ․ Ազատություն (տեսանյութ)

Ազատ գյուղի զինվորների կացարանի սպան՝ կապիտան Եղիշե Հակոբյանը մեղադրյալ է։ Նրան այսօր մեղադրանք է առաջադրվել շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հոդվածով։ Կապիտանը ցուցմունք չի տալիս։

«Ձեր կողմից նշված անձին հարցաքննելու քննչական գործողությունը կատարելու ուղղությամբ վարույթ իրականացնող մարմինը բնականաբար նախաձեռնություն ցուցաբերել է, սակայն անձը, օգտվելով իր դատավարական իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալուց», - «Ազատությանն» է փոխանցել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Ողբերգական հրդեհին հաջորդած այս 13 օրերին՝ երեկ ներառյալ, Քննչական կոմիտեի մամլո խոսնակն ասում էր՝ բուժկենտրոնում գտնվող սպային դեռ չեն հարցաքննել, առողջական վիճակից ելնելով։ Բուժհաստատությունից ամեն օր տեղեկանում էինք, որ դրական դինամիկա կա, Եղիշե Հակոբյանը գիտակցություն ունի, խոսել կարող է։ Հակասական այս տեղեկատվության ֆոնին հիմա էլ սպան է հրաժարվում ցուցմունք տալուց։

Իսկ նա,15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պաշտոնական վարկածով, գլխավոր գործող անձն է. ըստ իրավապահների՝ բենզինով լի 5 լիտրանոց տարան վերցրել ու փորձել է դրանով թեժացնել վառարանի կրակը։ Կապիտան Հակոբյանն այժմ Այրվածքաբանության կենտրոնում է դեմքի, ձեռքերի ու ոտքի այրվածքներով։

Առավել մանրամասն՝ այստեղ