Շախմատի Հայաստանի առաջնության մեդալները գտան իրենց տերերին
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում այսօր տեղի ունեցավ Հայաստանի շախմատի առաջնության փակման պաշտոնական արարողությունը։
Հայաստանի տղամարդկանց թվով 83-րդ առաջնության մրցանակային եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1. Սամվել Տեր-Սահակյան
2. Մանուել Պետրոսյան
3. Ռոբերտ Հովհաննիսյան
Հայաստանի կանանց 78-րդ առաջնության մրցանակակիր դարձան հետևյալ շախմատիստուհիները.
1. Մարիա Գևորգյան
2. Սուսաննա Գաբոյան
3. Արփինե Գրիգորյան
Նրանք պարգևատրվեցին համապատասխան մեդալներով և դիպլոմներով: Պարգևատրմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը:
Հայաստանի նորընծա չեմպիոններն այսպես մեկնաբանեցին առաջնության արդյունքները:
Սամվել Տեր-Սահակյան. «Առաջին տուրում պարտվեցի Տիգրան Պետրոսյանին: Դրանից հետո նպատակներս փոխվեց և արդեն մտածում էի վատ հանդես չգալու մասին: Բայց երկրորդ տուրից սկսած մի քանի հաղթանակ տարա: 7-րդ տուրում Արամ Հակոբյանի հետ սևերով ոչ-ոքի խաղալուց հետո առաջին տեղը գրավելու որոշակի հույսեր էի փայփայում, բայց շանսերս այդքան էլ մեծ չէին, քանի որ Մանուել Պետրոսյանը մեկնարկում մի քանի անընդմեջ հաղթանակ էր տարել և այնպիսի տեմպ էր զարգացրել, որ թվում էր այլևս շանս չեմ ունենա: Սակայն, երբ Ռոբերտ Հովհաննիսյանն այդ տուրում պարտության մատնեց Մանուել Պետրոսյանին, բոլորիս մոտ որոշակի հույսեր առաջացավ: Վերջին տուրում միայն հաղթանակի դեպքում կարող էի չեմպիոն դառնալ, քանի որ Ռոբերտ Հովհաննիսյանի լրացուցիչ ցուցանիշներն ավելի բարձր էին:
Այդ պարտիայում, այն ինչ նախատեսել էի, ստացվեց: Լավ դրությամբ դուրս եկա սկզբնախաղից: Ռոբերտ Հովհաննիսյանի նյարդերը տեղի տվեցին և նա մի քանի վրիպում թույլ տվեց, որից հետո արդեն դժվար էր փրկել պարտիան: Ես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեցի և կարողացա օգտագործել իմ հնարավորությունը:
Անչափ կարևոր էր երկրորդ տուրում Տիգրան Հարությունյանի նկատմամբ տարած հաղթանակս, որից հետո հավատացի իմ ուժերին: Ընդհանուր առմամբ այս մրցաշարում յուրաքանչյուր հաղթանակը և կես միավորն անչափ կարևոր դեր էին խաղում, քանի որ կազմն իսկապես շատ ուժեղ էր: Առաջիկայում պատրաստվելու եմ Սերբիայում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը»:
Մարիա Գևորգյան. «Մեծ պատիվ է հաղթել Հայաստանի առաջնությունում, քանի որ դրան հետևում է ողջ աշխարհը: Սուսաննա Գաբոյանին հաղթելուց հետո հասկացա, որ լավ հնարավորություն ունեմ չեմպիոն դառնալու: Ի վերջո, այդպես էլ եղավ:
Առաջիկա պլաններս կապված են աշխատանքիս հետ: Հիմա աշխատում եմ Արաբական Էմիրություններում: Այնտեղ մեկնելուց հետո պարզ կդառնա, արդյոք ժամանակը կների մասնակցել Եվրոպայի անհատական առաջնությանը, թե՝ ոչ»: