Ի՞նչ ճակատագիր է սպասվում աշխարհի 2022թ առաջնության մարզադաշտերին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի առաջնությունների ավարտից հետո միշտ հարց է ծագում, թե ինչպե՞ս են օգտագործվելու այն մարզադաշտերը, որոնք հատուկ կառուցվել են մրցաշարի խաղերն ընդունելու համար: Օրինակ, 2014թ Բրազիլիայի աշխարհի առաջնության մարզադաշտերից մեկն այժմ ավտոբուսի կայանատեղի է, իսկ երկուսն օգտագործում են որպես ծննդյան տոնակատարությունների, հարսանիքների անցկացման վայրեր:
Քաթարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում խաղերն անցկացվել են 8 մարզադաշտերում, որոնց կառուցման համար ծախսվել է 10 միլիարդ դոլարից ավելի գումար: Դրանք, բնականաբար, աշխարհի առաջնության խաղերով չեն փոխհատուցել իրենց ծախսերը: Իսկ ի՞նչ ճակատագիր են սպասվում այդ մարզադաշտերին, որտեղ մեկ ամիս առաջ տրիբունաները լեփլեցուն էին տասնյակ հազարավոր երկպագուներով:
Ինչպես նշում են քաթարյան լրատվամիջոցները, դրանց մեծ մասը փոփոխության կենթարկվեն: «Լուսայլ» մարզադաշտում, որտեղ կայացել է Ֆրանսիա - Արգենտինա եզրափակիչ խաղը, վերևի հարկերը կվերակառուցվեն և կդառնան խանութներ, սրճարաններ և առողջապահական կենտրոններ։ Ֆուտբոլից բացի այստեղ կանցկացվեն այլ մրցումներ:
«Ալ Բայտ» մարզադաշտում, որտեղ կայացել է բացման խաղը, կվերակառուցվի միայն առաջին հարկը։ Այնտեղ կլինի 5 աստղանի հյուրանոց, առևտրի կենտրոն:
Մնացած հինգ մարզադաշտերը կօգտագործվեն ֆուտբոլի համար: Դրանցից չորսը կվերածվեն 20 հազար տեղանոց մարզադաշտերի: Դրանցում իրենց հանդիպումները կանցկացնեն Քաթարի ֆուտբոլի 1-ին դիվիզիոնի ակումբները: Իսկ ահա Education City Stadium-ը նախատեսվում է դարձնել համալսարանական սպորտի և Քաթարի կանանց հավաքականի կենտրոնի:
Միակ մարզակառույցը, որն առաջնությունից հետո ամբողջովին կապամոնտաժվի, դա «974» անվանումը կրող մարզադաշտն է, որը կառուցվել է նույն քանակի բեռնափոխադրման կոնտեյներով:
Նշենք, որ Քաթարը եկող տարի արդեն հյուրընկալելու է Ասիայի ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթը: 2030 թվականին այստեղ կկայանան Ասիական խաղերը: Քաթարը նաև մտադիր է իր մոտ ընդունել 2036 թվականի ամառային օլիմպիական խաղերը: Այնպես որ, վերը նշված մարզադաշտերը դեռ երկար ժամանակ կծառայեն մարզաշխարհին: