Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դեկտեմբերի 8. Պաշտոնից հրաժարական է տալիս Գագիկ Բեգլարյանը (տեսանյութ)

1991-ի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագրով դադարում է գոյություն ունենալ Խորհրդային Միությունը: 2000-ի նույն օրը մեր քաղաքացիները տարբեր կերպ են մեկնաբանում ԽՍՀՄ փլուզումը:

1994-ի այս օրերին Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ հայերեն լույս է տեսնում ռուս մեծ գրող Ալեքսանդր Սոլժենիցինի «Գուլագ Արխիպելիք» գիրքը: Այն գիրքը է տառապանքի եւ խղճի մասին: Գիրքը հրատարակվում է մի ժամանակ, երբ Հայաստանում նույնիսկ թերթերն են դժվարությամբ թուղթ ճարում: Սոլժենիցինն այն գրում է գաղտնի՝ 10 տարվա ընթացքում եւ ավարտում 1968-ի հունիսի 2-ին: ԽՍՀՄ-ում այն առաջին անգամ տպվում է 1989-ին: 1997-ի այս օրերին Երեւանում տարածված է դեղնախտ հիվանդությունը :

114-րդ անգլիական դպրոցում գրանցվել է հիվանդության 7 դեպք, որի պատճառով նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը փակ էր: Մանկապարտեզներից մեկում արձանագրված վարակի մեկ դեպքի պատճառով բոլոր մանկապարտեզներում ախտահանվում են խաղալիքները, ամանեղենն ու սպիտակեղենը:

1997-ի դեկտեմբերի 8-ին Երեւանի ռուսական թատրոնում քրդական համայնքը տոնում է Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության 19-ամյակը: Ներկա են հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ավիացիայի նախկին պետ, պատգամավոր Շահեն Պետրոսյանը 1998-ի այս օրերին որպես նորարարություն առաջարկում է սպառվող էլեկտրաէներգիայի կառավարման բլոկ: Էներգետիկները դեմ են, նրանք անձամբ եկել են ներկա լինելու շնորհանդեսին եւ աղմուկ բարձրացնելու: Մինչդեռ Պետրոսյանն ասում է՝ սրանով կֆիքսվեն կորուստները:

Բաղրամյան պողոտայում ՀՀՇ վարչության նախկին գրասենյակի շենքում 1998-ի դեկտեմբերի 8-ին բացվում է Սիրիայի դեսպանատունը: Միջոցառմանը ներկա են նախկին եւ ներկա իշխանությունների ամբողջ էլիտան: Նույն օրը տեղի է ունենում հայ-սիրիական կառավարական հանձնաժողովի առաջին համատեղ նիստը:

1999-ի այս օրը Երեւանում բացվում է «Արմենիկում» բժշկագիտական կենտրոնը: Այստեղ են Ռոբերտ Քոչարյանը, տեղական եւ արտասահմանյան այլ պաշտոնյաներ եւ առաջինն «Արմենիկումի» մասին որպես ՁԻԱՀ-ի բուժմանը նպաստող բացառիկ դեղամիջոց հայտարարած նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանը: Կենտրոնի ղեկավարն, իհարկե, չի ասի, թե ինչ արժե ՁԻԱՀ-ից բուժվելը: Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը նախագահականում ընդունում է խորհրդարանի ղեկավարին, նրա տեղակալներին եւ հանձնաժողովների նախագահներին: Կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության, բաց եւ անկեղծ քննարկում են հանրապետության ներքաղաքական լարված վիճակը: Քոչարյանը բոլորին հանգստացնում է ասելով, թե մտադիր չէ հաջորդ տարվա մայիսի 31-ից հետո լուծարել խորհրդարանը:

2000-ի այս օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երասխ-Սադարակ հատվածում դիտարկում են հայ-ադրբեջանական սահմանը: Նրանք գերադասում են հակամարտության նոր առաջարկների մասին չխոսել, երկու պետությունների նախագահները տեղյակ են բոլոր առաջարկներին եւ ընտրություն կատարողն էլ նրանք են:

Նույն օրը 75 տարեկան է դառնում անվանի արձակագիր Աղասի Այվազյանը : Նա արդեն ոչ թե գրականության, այլ մշակույթի պատմության մեջ մտած գրող է: Գրողները նրա ստեղծագործությունը վեր են համարում հայկական մտածողությունից:

2001-ի այս օրը ահա այսպես են արմավիրցիները փորձում հանդիպել «Կենտրոնական էլեկտրացանցի» Ղուկասյան մասնաճյուղի տնօրենի հետ : Պատճառը Արմավիրի մարզի 37 համայքների հոսանքազրկումն է: Բնակիչները վստահեցնում են, որ վճարել են ծախսածի դիմաց, կտրոններն էլ կան: Իրավագետ Հրայր Թովմասյանը 2009-ի այս օրը հակաօրինական չի համարում պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելու փաստը: 2010-ի դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տալիս Գագիկ Բեգլարյանը: Ավելի վաղ, նախագահի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ քաղաքապետը ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: