Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողով
A A
Հասարակություն

Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար

Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար: Որոշումն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 6-ի հերթական նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Ըստ հիմնավորման՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն):

Ավելի ուշ ԱԺ-ն պարզաբանում տարածեց, որը ներկայացնում ենք ստորև․

Հոկտեմբերի 6-ին լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովին՝ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկացնում ենք, որ Կառավարության 06.10.2022թ. նիստում ներկայացված նախագծով ԱԺ աշխատակազմն իրականացնելու է 2022 թ. պետական բյուջեով Ազգային ժողովի հատկացումների հոդվածային վերաբաշխում՝ ժամանակավորապես ազատ միջոցներն ուղղելով բուֆետ-ճաշարանի բարեկարգման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորմանը։

Հայտնում ենք, որ ԱԺ-ի կողմից իրականացվող վերաբաշխումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում։