Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_IMG_0674
A A
Պաշտոնական

Իրաքի պատվիրակությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կիսում են դպրոցական սնունդ ծրագրի վերաբերյալ լավագույն փորձը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Իրաքի կառավարության և ՊՀԾ-ի Իրաքի գրասենյակի ներկայացուցիչներին:

Մասնավորապես, Իրաքի կրթության նախարարության ներկայացուցիչները, Իրաքի տեխնիկական հարցերով փոխնախարար պարոն Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամի հետ հանդիպել են ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար տկն․ Նաննա Սկաուին՝ քննարկելու երկու երկրներում Դպրոցական սնունդ ծրագիրը և արտակարգ իրավիճակներում դրա կայունությունն ու ճկունությունն ապահովելու էական ջանքերը:

Հանդիպման շրջանակում ՊՀԾ թիմն Իրաքի կրթության նախարարությանը և այլ շահագրգիռ կողմերին փոխանցել է Ազգային Դպրոցական Սննդի ծրագրի սեփական փորձը, ներկայացրել դրա գործառնական ասպեկտները և ազդեցությունները, որոնք ստացվել են տարիների ընթացքում տարբեր շահագրգիռ կողմերի հետ հաջող համագործակցությունների շնորհիվ:

Իրաքի կառավարությունը «Հարավ-Հարավ» եռանկյուն համագործակցության շրջանակում ճանաչողական այց է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում՝ ծանոթանալով Դպրոցական սնունդ ծրագրում Հայաստանի մեծ փորձին՝ որպես համայնքի զարգացման եզակի հարթակ և Հայաստանի պարենային ապահովության, կրթության և սնուցման տեսլականի կարևոր բաղադրիչ:

Բացի այդ, ՊՀԾ-ի թիմը Իրաքի կառավարության ներկայացուցիչների հետ ճանաչողական այցի ընթացքում հանդիպել է համայնքների և Դպրոցական սնունդ ծրագրի շահառուների հետ: Շրջայցի ընթացքում ՊՀԾ-ն ներկայացրել է տարիների ընթացքում կատարված ներդրումները, որոնք ապահովում են ծրագրի կայունությունը, նպաստում են տեղական տնտեսությանը, բարելավում են առողջությունը և նպաստում բնակչության պարենային ապահովությանը:

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Ամբողջահատիկ ցորենի արժեշղթա» ծրագրում մասնավոր ներդրումների և դպրոցական սննդի հետ կապված այլ հարցեր: Կողմերն ընդգծել են ՊՀԾ ծրագրերի կարևորությունը համայնքների զարգացման և մարդկանց կյանքի որակը փոխելու գործում։

Հիշեցնենք, որ ՊՀԾ-ի աջակցությամբ Տավուշի մարզում հիմնվել է ամբողջահատիկ ցորենի ալրաղաց՝ արևային կայանով: Բացի այդ, ՊՀԾ ծրագրերի շրջանակում Տավուշի 75 դպրոցների շուրջ 7100 դպրոցականներ հնարավորություն են ստացել փոխարինել սպիտակ ցորենից պատրաստված հացամթերքը ավելի սննդարար և առողջ ամբողջահատիկ հացով: