Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազգային ժողովրդավարական Բևեռ
A A
Քաղաքականություն

Բերձորի հայաթափումը նաև ողջ Արցախի հայաթափման առաջին քայլն է․ ԱԺԲ

Հայկական իշխանությունները` հակառակ Հայաստանի Հանրապետության` ներառյալ Բերձորի և Աղավնոյի բնակչության կամքի` շուտափույթ հանձնում են Բերձորը, Սուս և Աղավնո գյուղերը։ Սրանք պարզ գյուղեր չեն։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-Ժողովրդավարական Բևեռի Խորհուրդը։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․ 

Բացի հայրենիք լինելուց` սրանք Սյունիքի դարպասներն են և այս հանձնումով` Սյունիքի մուտքն այլևս ամբողջությամբ բացվում է թշնամու առջև։ Բերձորի հայաթափումը նաև ողջ Արցախի հայաթափման առաջին քայլն է։ Երևանյան և ստեփանակերտյան ռեժիմների` բացահայտորեն դավաճանական գործողությունները ռուս-ադրբեջանա-թուրքական պլանի կատարողականն են և ուղղված են Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնման առաջին փուլն անցնցում իրականացնելուն։Դա նաև Ռուսաստանի տեսլականում իր համար կենսական ճանապարհի` Ռուսաստան-Թուրքիա ցամաքային միակ անցուղու բացման նախերգանքն է, որ պուտինյան Կրեմլը պլանավորում է իրականացնել Մեղրու կործանարար միջանցքի միջոցով։Իրականում չկա ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի պարտավորություն հայկական կողմի համար` հանձնելու Սյունիքի արցախյան դարպասները թշնամուն։ Եվ Բերձորի (Լաչինի) միջանցքը Կոռնիձորի միջանցքով փոխարինելը զուտ ռուս-թուրքական նախագիծ է, որ միևնույն է` չպետք է ենթադրեր Բերձորի հանձնում թշնամուն։ Բերձորի, Սուսի և Աղվնոյի վերահսկողության` ադրբեջանական կողմին հանձնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, ոչ մի բացատրություն չի կարող ոչ միայն լեգիտիմ, այլև` տրամաբանական լինել։Սակայն հայկական ոչ միայն պատմական, այլև իրավական տարածքի այս հայաթափումն առաջինն է իր բնույթով, երբ հայկական իշխանություններն ամեն ինչ անում են, դիմում անգամ ճնշումների` որպեսզի Հայաստանի մի հատվածը ենթարկվի էթնիկ զտման։ Սա ցեղասպանության տարատեսակ է, երբ համաշխարհային պատմության մեջ իր նախադեպը չունեցող հանգամանքով` սեփական կառավարությունը սեփական էթնիկ խմբին` հանուն թշնամու ենթարկում է էթնիկ զտման և աքսորի` ըստ էության` սպիտակ ջարդի։Ռուսական օկուպացիոն զորքերն Արցախում ամեն կերպ նպաստում են էթնիկ զտման ցեղասպանական այս գործողություններին և հերթական անգամ ապացուցում են իրենց անհավատարմությունն իրենց առաքելության հայտարարած նպատակին և ոգուն։ Հայկական բանակի վերնախավը շարունակում է հլու-հնազանդ գործիք մնալ դավաճանական ռեժիմի ձեռքում։ Հետևաբար` Ազգային-Ժողովրդավարական Բևեռը ստեղծված իրավիճակում ելքը դարձյալ տեսնում է օրինական մանդատով օժտված միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման մեջ։ Ինչպես նաև` Բերձորի շրջանում ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտության բարձրաձայնման մեջ։ Ներկայիս գործող իշխանությունը պարտավոր է դիմել Մինսկի խմբի մնացյալ անդամներին սույն պահանջով։ Հակառակ դեպքում հետևող աղետալի դեպքերի ողջ պատասխանատվությունը ի հավելումն այս իրավիճակի ստեղծման պատսխանատվության` ևս ընկնելու է իր ուսերին։Ռուսական զորքերը պետք է հեռանան։ Արցախ պետք է միջազգային օրինական խաղաղապահներ մտցվեն։ Բերձորը, Սուսն ու Աղավնոն չպետք է հանձնվեն։