Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (7)
A A
Մշակույթ Պաշտոնական

Երևան է ժամանում գերմանական «Կուս» լարային քառյակը

Երևան է ժամանում գերմանական «Կուս» լարային քառյակը Երևան է ժամանում գերմանական «Կուս» լարային քառյակը։ Հունիսի 18-ին, ժամը 19։00-ին լեգենդար քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Քառյակը բազմաթիվ միջազգային հեղինակություն վայելող երաժիշտների կողմից համարվել է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։ «Կուս» քառյակի համերգային ծրագրերը միշտ առանձնանում են իրենց կոնցեպտուալ և բովանդակային խորությամբ և փոխկապակցվածությամբ։

Այդպիսին է նաև երևանյան համերգային ծրագիրը․ երեկոյի ընթացքում կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Լեոշ Յանաչեկի, Կոմիտասի, Բելա Բարտոկի, Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները։ Ծրագրի կոնցեպտուալ տարածքում կարմիր գծով անցնում է ճգնաժամի գաղափարը։ Ընտրված ստեղծագործությունները գրելիս կոմպոզիտորները որոշակի կերպով գտնվել են քաղաքական, սոցիալական, պատմական կամ անձնական ճգնաժամային իրավիճակում։

Գերմանական «Կուս» լարային քառյակի երևանյան այցի շրջանակներում բացի համերգից, կիրականացվի մշակութային իրադարձությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ երաժշտության շուրջ քննարկում «Կուս» քառյակի ջութակահարներ Յանա Կուսի և Օլիվեր Ուիլլեի հետ: Այն տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում հունիսի 17-ին, ժամը 19:00: Բացի այդ, կկայանա կամերային անսամբլի վարպետության դասեր:

Վարպետության դասերի մասնակցային հատվածը նախատեսված է միայն լարային քառյակների համար, սակայն հանդիպմանը՝ որպես ազատ ունկնդիր, կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները: Իրականացվելու է միաժամանակ 4 վարպետաց դաս, յուրաքանչյուրը՝ «Կուս» քառյակի անդամներից մեկի գլխավորությամբ։

Քառյակների մասնակցությունն ու ունկնդիրների մուտքն ազատ է: Վարպետության դասերը կանցկացվեն հունիսի 19-ին։ Նախագիծն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Նշենք, որ «Կուս» քառյակն անթիվ անհամար ձեռքբերումներ է ունեցել իր ստեղծագործական գործունեության ընթացքում։ 2019 թվականին «Կուս»-ն այն բացառիկ քառյակներից էր, ում շնորհվեց Ստրադիվարիուսի Պագանինի քառյակի ժամանակավոր օգտագործման իրավունքը։ Միլիոնավոր դոլարներ արժեցող գործիքակազմն օգտագործելու պատիվը շատ քչերին է ընձեռնվում։ Գործիքները դարերի պատմություն ունեն՝ յուրաքանչյուրն ունի իր անհատական անունը։