Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Սերժ Թանկյան․Ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ի պատասխան գրեցի այս երգը․ պրեմիերա (տեսանյութ)

Սերժ Թանկյանը թողարկել է իր նոր ժողովրդական-դասական «Amber» երգը, տեսահոլովակի համաշխարհային պրեմիերան ունենում  այսօր։

Թանկյանը բացատրում է. ««Amber»-ը գրվել է 2017 թ.-ին, երբ իմ ընկերներ Ատոմ և Արսինե Էգոյանների և Էրիկ Նազարյանի հետ այցելեցի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններում դիտորդներ հանդիսանալու համար որպես «Արդարություն հանուն Հայաստանի» կոալիցիայի անդամ: Քվեատուփին չհասած ՝ընտրությունների ճարպիկ գողությունից այնքան էի ցնցված, որ ի պատասխան գրեցի այս երգը։

Երգի խոսքերն այսօր ավելի ակնառու են, քանի որ հայերը պառակտված են քաղաքականապես և սոցիալապես՝ հաջորդելով 2020թ.-ի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա ավերիչ հարձակմանը և այդ երկու բռնապետական ռեժիմների հետ բանակցությունների շարունակական հակազդեցություն: «Amber»-ի ուղերձը դեպի միասնությունն ու ներդաշնակությունն է, որոնք հայ ազգի միակ և իսկապես հզոր ուժերն են»: 

Երգի վերջնական տարբերակը ավարտին է հանձնվել 2022թ.-ին։  Երգը ներառում է մեկ այլ հայ  երգչի՝ Սևակ Ամրոյանի  կատարումը։

Սևակ Ամրոյանին «Amber» երգի վերջնական տարբերակում ընդգրկելու իր որոշման վերաբերյալ Թանկյանն ասում է. «Սևակի ձայնը եզակի ուժ ունի՝ մեզ վերադարձնելով դեպի մեր ժողովրդի հայրենի հողերը: Ես սիրով լսում էի նրա երգերը, որոնցից էր «Յարխուշտա»-ն, այնպես որ նրան հանդիպելուց ի վեր մեծ ակնկալիքով սպասում էի միասին աշխատելուն»:     

Թանկյանի հետ համատեղ «Amber»-ը երգելու իր որոշման մասին խոսելիս Սեւակն ասում է. «Բնականաբար Սերժ Թանկյանին լսել եմ դեռ մանկուց ու միշտ հպարտությամբ: Ծանոթանալով Սերժի հետ հասկացա, որ աշխարահռչակ լինելուց բացի, նա լավ հայ է ու բացառիկ հայրենասեր: Ես շատ ուրախ եմ մեր համագործակցության համար ու շնորհակալ Սերժին, որ Ամպեր երգը միասին ենք ասօր երգում: Ինձ համար մեծ պատիվ է»։

Երաժշտական տեսահոլովակը (ռեժիսոր՝Հրագ Եդալյան) ներկայացնում է Թանկյանին և Ամրոյանին, որոնք կադրի երկու կողմերում երգում են իրենց մասերը, մինչ մի երիտասարդ տղա (Դարեն Չիլինգիրյան) էկրանի կենտրոնում է՝ էսքիզների ալբոմը ձեռքին: Երբ տեսահոլովակը զարգանում է, տղան սկսում է թերթել էսքիզների ալբոմը՝ բացահայտելով ձեռագիր արտահայտություններ և հայերեն երգի խոսքերին համահունչ բովանդակալի պատկերներ: Երբ «Amber»ը հասնում է իր կրեշենդոյին, տղան սկսում է ճմրթել էսքիզների ալբոմի էջերը և գցել գետնին: Մինչ երգի վերջին նոտաներն են հնչում, տեսախցիկը ցած է իջնում՝ ցույց տալու, որ ճմրթված էջերը ձևավորվել են Հայաստանի և Արցախի քարտեզը։

Թանկյանն իր անձնական և մասնագիտական կարիերայի ընթացքում պայքարել է բազմաթիվ հասարակա-քաղաքական հարցերի արդարության համար ամբողջ աշխարհում՝ հաճախ կիրառելով երաժշտությունը որպես գործիք՝ ոգեշնչելու և միավորելու մարդկանց ձայները խոհուն փոփոխությունների համար։ «Amber»-ը հանդիսանում է այս երկարատև ջանքերի ամենանոր էջը։