Երևանում մեկնարկել է ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարը
ԱՄՆ դեսպանության ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը քաջալերում է, զորացնում և ոգեշնչում
Անցած տարի լեփ-լեցուն դահլիճներում անցած ֆիլմերի ցուցադրումներից հետո ԱՄՆ դեսպանատունը հպարտ է կրկին վերադառնալ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարով: 2018թ. փառատոնի կարգախոսն է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» և ներկայացվելու են մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնք ի ցույց են դնում անհատի ուժը՝ աշխարհը փոխելու հարցում: Ֆիլմերի ցուցադրումները կլինեն հունիս 4-ից 10-ը. մուտքն ազատ է:
Ֆիլմերը մի աննկարագրելի ուժ ունեն. դրանք բացում են մարդկանց աչքերը՝ ի ցույց դնելով ուրիշների պատմությունները: Այս վավերագրական ֆիլմերը կարծում եմ հայ հանդիսատեսին կփոխադրեն Միացյալ Նահանգներ, կօգնեն ավելի լավ հասկանալ ամերիկյան մշակույթը, և որ առավել կարևոր է, այս ֆիլմերն ի ցույց կդնեն անհատի համընդհանուր ուժն ու ազդեցությունը և կքաջալերեն ու կոգեշնչեն բոլորիս, որպեսզի մենք դառնանք ավելի լավը և մեր շրջապատն ու հասարակությունը դարձնենք ավելի լավը», - ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ֆիլմերի անվճար ցուցադրումներ
Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար 2018-ի ընթացքում, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, կցուցադրվեն 13 վավերագրական ֆիլմեր: Փառատոնը մեկնարկում է «Անծանոթների մեղեդին» ֆիլմի ցուցադրմամբ ս.թ. հունիսի 4-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցույց է տալիս ամերիկացի հայտնի թավջութակահար Յո-Յո Մայի համարձակ երաժշտական էքսպերիմենտը, երբ նա տարբեր երկրների տարբեր երաժշտաոճեր ներկայացնող երաժիշտներից ձևավորում է «Մետաքսի ճանապարհ» նվագախումբը, որի անդամները, օգտագործելով երաժշտությունը, ջանում են վերհանել մարդկությանը միավորող կապերը:
Հաջորդիվ, հունիսի 4-ից մինչև 10-ը, ամեն օր ժամը 17:00-ին և 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կշարունակվեն անվճար կինոցուցադրումները: Էկրան կբարձրանան հետևյալ ֆիլմերը. «Մելե որմնանկարներ», «Ֆլոյդ Նորման. անիմացիոն կյանք», «Լողի թիմ», «Ատաքսիա», «Դերերով փոխված», ««Եթե» նախագիծ», «Իրադարձություն», «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս», «Հզորացման նախագիծ», «Սուպերաղջիկ», «Ավագ դպրոց 911» և «Առավել քան գնահատականը»: Մանրամասն ծրագիրը զետեղված է մեր կայքում, տես՝ https://www.usa.am/announce/