Իրավիճակը՝ հուլիսի 17-ից հետո. ամփոփ
Հուլիսի 29-ի գիշերը բախումներ եղան ոստիկանության ու խաղաղ ցուցարարների միջև։ Սարի թաղում և Խորենացի փողոցում Ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց հանրահավաքը։ Ցուցարարներն այստեղ էին եկել Ազատության հրապարակում ավելի վաղ կայացած հանրահավաքից հետո: Ոստիկանությունը հայտարարեց, որ ցուցարարները փորձում են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել ՊՊԾ գնդի տարածք՝ դրանով արդարացնելով իր գործողությունները։ Հարձակման են ենթարկվել և պայթուցիկ նյութերից վնասվածքներ ստացել տեղի բնակիչները, ինչպես նաև իրադարձությունները լուսաբանող լրագրողները, բազմաթիվ քաղաքացիներ. 17-ամյա Սայաթ Հովհաննիսյանը կորցրել է մի աչքը։ Երեւան քաղաքի ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 165 քաղաքացի։ Հիվանդանոցներում 60-ից ավելի վիրավոր կա։ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 23 անձ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը՝ հայտարարեց քննչականը։ Հուլիսի 17-ից ապստամբների 31 հոգանոց զինված խումբը՝ «Սասնա ծռերը», գրավել է Ոստիկանության պարեկապահակային գունդը՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում: ՊՊԾ գնդի վրա հարձակման հետեւանքով գնդապետ Արթուր Վանոյանը մահացել էր, 4 անձ վիրավորվել։ 7 օր շարունակ Սասնա ծռերի անդամները պատանդ էին պահում ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Նրանք ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ կայացած բանակցություններից հետո որոշվեց, որ պատանդներին ազատ արձակելուց հետո ստեղծվելու է մամուլի կենտրոն: Միայն հուլիսի 23-ին ապստամբները կարողացան հանդիպել լրատվամիջոցների հետ: Հուլիսի 27-ի գիշերը ՊՊԾ գնդում ծանր գնդացրային վիրավորում է ստացել «Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը եւ իրավապահներից մեկը: Ներկա պահին Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է ծանր, իսկ որդուն՝ Արամին, վիրահատությունից հետո տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Իրավապահները կրակ էին բացել, երբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բժիշկներին հանձնել գնդի վիրավոր անդամին։ Հենց այդ ժամանակ էլ խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը հայտնվել են իրավապահների ձեռքում։ Հուլիսի 27-ին տարածք մտած «Շտապ օգնության» 4 աշխատողներին «Սասնա ծռեր» խմբի անդամները թույլ չեն տվել դուրս գալ: Խմբի անդամները նշում են, որ իրենց շուրջօրյա բժշկական օգնություն է հարկավոր, ներսում վիրավորներ կան: Իսկ իրավապահները նշում են՝ նրանք պատանդ են: Ավելի ուշ ազատ արձակեցին չորս բուժաշխատողներից մեկին` բուժակ Դավիթ Տոնոյանին։ Հուլիսի 27-ից կալանավորված են նաեւ ՊՊԾ տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ոտքերի հրազենային վիրավորումներ ստացած Սասնա ծռերի անդամ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Հուլիսի 28-ին ձերբակալվեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Հուլիսի 29-ին ՊՊԾ գնդում իրավիճակը լարված էր։ ՊՊԾ գնդի տարածքում արձակված կրակից վիրավորումներ ստացան Սասնա ծռերից Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը. տեղափոխվել են հիվանդանոց։ Վիրավոր է նաև Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը։