Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՐԱՄՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԲՅՈՒՋԵՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ՈՒՆԻ

Տնտեսություն

4 ամսվա ընթացքում պետբյուջեն կրել է 710 մլն. դրամի վնաս` շնորհիվ այն հանգամանքի, որ որոշ օրենքներում հաստատագրված վճարը սահմանվել է դոլարի հետ փոպկապակցված: Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» եւ «Բենզինի եւ դիզվառելիքի համար հասատատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներում: «Եթե նախագիծը չընդունվի, յուրաքանչյուր ամսվա համար դոլարի նկատմամբ դրամի նույն փոխարժեքի պահպանման դեպքում բյուջեում վնասը կկազմի 450 մլն. դրամ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունն առաջարկում է փոփոխել օրենքը եւ իբրեւ հաստատագրված վճար 1 դոլարի դիմաց հաշվարկել 500 դրամ: Կառավարությունը այս առաջարկությունն անում է, որպեսզի կանխի նաեւ հնարավոր գերշահույթը:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը փորձեց իմանալ. եթե իրոք գերշահույթ եղել է, ապա շահութահարկն է՞լ է ավելացել: Փոխնախարարը դժվարացավ պատասխանել` պատճառաբանությամբ, թե դա հնարավոր կլինի միայն ասել հաջորդ տարի շահութահարկի հավաքագրման տվյալները հրապարակելուց հետո:

Տվյալ հարցով հարց ու պատասխանից հետո Վահրամ Բաղդասարյանը եզրակացրեց, որ արհեստական միտում կա դրամի արժեւորման մեջ, քանի որ մինչ օրս կարծում է, թե դրամը արժեւորվում է դոլարի արժեզրկման հաշվին: «ՌԴ-ում եւ Վրաստանում դոլարի նման տատանումներ չեն եղել, ինչպես մեզ մոտ»,- հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն` ավելացնելով, որ այդ մասին իր համար տեղեկանք են պատրաստել եւ ինքը ինքը կարող է փոխանցել դա կառավարության ներկայացուցչին: Արթուր Բաղդասարյանը Տիգրան Խաչատրյանից` իբրեւ մասնագետի, փորձեց ճշտել, թե դրամ-դոլար տատանումը դեռ երկա՞ր է շարունակվելու:

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, քանի որ դա կապված է ամերիկյան կառավարության քաղաքականությունից, Հայաստան ներկրվող ապրանքների միջազգային գներից, ազգային տրանսֆերտներից: Ըստ նրա, այդ մասին նույնիսկ միջազգային կազմակերպությունները չեն կարող կանխատեսումներ անել. անշնորհակալ գործ է: