Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԱՏԱԿԵՐ ՏԱՏԸ` ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ԽՈՀՐԴԱՆԻՇ

Մշակույթ

Ռոբերտո Կոսայի «Տատը» պիեսը մայիսի 25-ին երկրորդ անգամ կբեմադրվի Հայաստանում: Առաջին անգամ այն բեմադրվել է 1999թ-ին Արգենտինաբնակ Գալուստ Ջանսեզյանի «Թատրոն» մշակութային կենտրոնի կողմից: Այս անգամ այն բեմադրվելու է Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների մասնակցությամբ:

Պիեսը շատակեր տատի մասին է. այդ շատակերությունը քայքայում է տատի ընտանիքը: Իսկ ավելի պարզ, ըստ ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի, պիեսը չինովնիկների մի ստվար կլանի մասին, որը կործանում է ազգը:

Գլխավոր տատի դերում խաղալու է Գալուստ Ջանսեզյանը: Պիեսի հեղինակը պարտադրում է, որ տատի դերակատարը անպայման լինի տղամարդ՝ պիեսը կենցաղային չդարձնելու համար:

Գալուստ Ջանսեզյանը մասնագիտությամբ վարսահարդար է: Օրական 12 ժամ Բուենոս -Այրեսում նա զբաղվում է այդ գործով, իսկ մնացած մասն անցկացնում թատրոնում:

«Վարսահարդարությունը ընդամենը եկամուտի աղբյուրն է, իսկ իմ կյանքի իմաստը հայ թատրոնն է եւ դրա պահպանումը օտար ափերում»,- խոստովանում է պարոն Ջանսեզյանը: Այդ է պատճառը, որ Բուենոս-Այրեսում նա հիմնադրել է «Թատրոն» մշակութային կենտրոնը: 40-50 տեղանոց համեստ դահլիճում շաբաթը երկու անգամ ցուցադրվում են հայերեն լեզվով պիեսներ: Իսկ ամեն տարի ապրիլի 24-ին Գալուստ Ջանսեզյանի «Թատրոն» մշակութային կենտրոնը շրջում է Բուենոս-Այրեսի փողոցներով, թռուցիկներ բաժանում, փոքրիկ բեմադրություններ ցուցադրում հայերի ցեղասպանության մասին: