Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ԵՎՍ ՄԻ ԱՊԱՑՈՒՅՑ

Հասարակություն

ՀՀ տնտեսական դատարանն այսօր մերժեց «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Հայաստանի Հեռուստատեսային Ցանց ՊՓԲԸ-ի: Դատավոր Վարդան Ավանեսյանից՝ ՀՀՑ-ի ապօրինի գործողությունները արդարացնելու համար պահանջվեց 20 րոպե:

Մինչ դատավորը խորհրդակցական սենյակում էր, դատական նիստի մասնակիցները՝ բացառությամբ Հայաստանի Հեռուստատեսային Ցանցի եւ Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչների, նկատում էին. մեղադրող կողմի փաստարկներն այնքան հիմնավոր են, օրինախախտումներն այնքան ակնհայտ, որ դատարանի մերժումը՝ մեղմ ասած աբսուրդ կլինի:

«Մելտեքսը» վիճարկում էր ՀՀՑ-ի կողմից կատարված ապօրինի գործողությունները. «Ա1+»-ի հաղորդակի անջատումը: Իսկ «Ա1+»-ի հաղորդակը անջատվել է Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի համապատասխան գրության հիման վրա:

Հարկ է նշել, որ որեւէ օրենքով ազգային հանձնաժողովը որեւէ հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելու խնդրանք ներկայացնելու իրավասություն չունի: Ի դեպ, սա հաստատել է նաեւ Տնտեսական դատարանը. ապրիլի 3-ին. մերժելով «Ա1+»-ի միջնորդույթուններից մեկը դատարանը հաստատեց. Հեռուստատեսության եւ Ռադիոյի մասին օրենքի 37-րդ հոդվածով ազգային հանձնաժողովի լիազորությունների շրջանակում չէ հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը: Ավելին, «Ա1+»-ի հեռարձակումը դադարեցնելու իրավունք չունի նաեւ ՀՀՑ-ն. ոչ երկկողմանի պայմանագրով, ոչ էլ օրենսդրությամբ :

Փաստորեն, ազգային հանձնաժողովը հեռարձակման դադարեցման խնդրանքով դիմում է մի մարմնի որը նման գործողություն իրականացնելու իրավասույթուններ չունի: :

Անտեսելով ՀՀ օրենքները եւ կատարելով պաշտոնական դիրքի չարաշահում, ՀՀՑ-ն ապրիլի 2-ին հանձնաժողով է կազմում: Այս հանձնաժողովն էլ իրեն իրավունք է վերապահում որոշել. մտնել «Ա1+»-ի վարձակալած տարածք եւ հոսանքազրկել «Ա1+»-ի սեփականություն հանդիսացող հաղորդակը: Այսպիսով «Մելտեքս»-ի ու ՀՀՑ-ի պայմանագիրը դադարեցվել միակողմանի: Մինչդեռ վերջինս միակողմանի կասեցվում է միմիայն դատական կարգով: Սա ամրագրված է պայմանագրում:

Այս փաստարկներին պատասխանող կողմերը օրենքով հիմնավորումներ տալ չկարողացան : Հիմնական փաստարկն այն էր, թե ՝ «Ա1+»-ը լիցենզիա չուներ, երբ դադարեցվեց նրա հեռարձակումը: Իսկ ՀՀՑ-ն իրավունք չունի սպասարկել լիցենզավորում չունեցող ընկերությանը: Բայց ՀՀՑ-ն իրավունք չունի նաեւ դադարեցնել «Ա1+»-ի հեռարձակումը:

«Ա1+»-ի փաստաբանները չէին դադարում մեջբերել համապատասխան օրենքները. թե նույնիսկ այդ դեպքում ՀՀՑ-ին տրված չէ հաղորդակն անջատելու իրավունք: Իսկ եթե «Ա1+»-ը շարունակեր իր հեռարձակումը լիցենզիա չունենալով հանդերձ, պետք է ենթարկվեր պատասխանատվության ՝ դատական կարգով:

Մեղադրող կողմը դատարանին հստակ մատնանշեց բոլոր վերոնշյալ խախտումները, շեշտելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հաղորդակի անջատումը միմիայն դատական կարգով: Սակայն դատարանը անտեսեց օրինախախտումները: Մերժման հիմնավորումներին կողմերը կծանոթանան հինգ օրյա ժամկետում: