Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ. «ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ԳՑԵԼ ԵՆ»

Հասարակություն

Կենտրոն, Նորք, Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան հրավիրված 8 տուժողներից այսօր ներկայացել էր մեկը՝ ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ 1999 հոկտեմբեր 27-ին, երբ ահաբեկիչները ներխուժեցին դահլիճ, իրենց թվացել է, թե գրոհում են 4 կողմից եւ չեն հասկացել, թե ինչ է կատարվում: «Մենք չգիտեինք, թե քանիսն են ՝ 5-ը, թե՞ դրսում էլ մարդիկ կային»,- ասում է պատգամավորը:

Նա չի կասկածում, որ հանցագործների ետեւում կան մարդիկ, կոնկրետ ուժեր: «Ինձ թվում է, որ նրանց պարզապես «գցեցին», խոստացան օգնել ու չեկան», - ասում է Զաքարյանը:

Ըստ պատգամավորի, դա զգացվում էր նաեւ ահաբեկիչների վարքագծից, սկզբում նրանք շատ ագրեսիվ էին ու ինքնավստահ, հետո դարձան ավելի «բարի ու մարդասեր», նույնիսկ հարգալից, փորձում էին բոլորին ապացուցել, որ նախագահին եւ փոխնախագահներին իրենք չեն սպանել:

Ստեփան Զաքարյանն ասում է, որ դեռ պառկած է իմացել, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը սպանվել է, դա հասկացվել է հանցագործների գոռգոռոցից եւ հայհոյանքներից: Իսկ Կարեն Դեմիրճյանի եւ Յուրի Բախշյանի սպանության մասին չեն իմացել երկար ժամանակ, մտածելով, թե վիրավոր են:

Պատգամավորի տպավորությունն այն էր, թե գնդակահարելու են ողջ «Միասնություն» խմբակցությունը, քանի որ մյուսներին ասել են.«Դուք մի վախեցեք»:

Պատգամավորը պատմեց, թե ինչպես էին իրենց պարտադրում կանգնել դռների մոտ, դառնալ կենդանի վահան, եթե հանկարծ դրսից փորձ անեին դահլիճ մտնել: Անդրանիկ Մարգարյանը «վահան» է ծառայել Նաիրի եւ Կարեն Հունանյանների համար:

«Ի՞նչ կլիներ, եթե դուք հրաժարվեիք կանգնել դռների մոտ», - հետաքրքրվեց մեղադրողը:
Ստեփան Զաքարյանը նկատեց. «Մենք ամեն պահի տեսնում էինք մեր զոհված ընկերներին, դռներին մոտենում էինք նրանց մարմինների մոտով»:

Ի դեպ նա հիշեց, որ իրենց զարմացրել է, թե ինչպես է Կարեն Հունանյանը մեկ ձեռքով կրակում ավտոմատից: