Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԸՆԴԱՌԱՋ ՄԱԿ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

Տնտեսություն

Հայաստանը պատրաստվում է այս տարվա օգոստոս/սեպտեմբեր ամիսներին Հարավային Աֆրիկայում կայանալիք Կայուն զարգացման համաշխարհային գագաթաժողովին: ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող այդ գագաթաժողովին, ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Ամարի, կուսումնասիրվեն մարդկային զարգացման ազգային հնարավորությունները:

Ըստ գրասենյակի փորձագետ Արմեն Մարտիրոսյանի, այդ գագաթաժողովը «ապագան հստակեցնելու մարդու փորձն է»:

ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը էկոլոգիական հիմնահարցերով հագեցած այսօրվա սեմինարում հայկական, վրացական եւ ադրբեջանական ներկայացուցիչների համար պարզաբանեց, թե ինչ է հասկանում կայուն զարգացում ասելով: Ըստ նրա, «կայուն զարգացումն այն է, երբ հավասարաչափ զարգացնելով տնտեսությունը՝ կարողանում ես պահպանել բնական ռեսուրսները»:

Պարոն Այվազյանի կարծիքով, զարգացող երկրներն օգտագործում են ռեսուրսների ավելի մեծ պաշար: Ըստ նրա դա բերում է հենց ռեսուրսների դեգրադացմանը: Ըստ նախարարի, այդպես փաստորեն վերջին տաս տարիներին անտառահատումների պատճառով Հայաստանում դեգրադացվել է հողը: Նախարարը հույս ունի, որ յոթ տարվա ընթացքում ինտենսիվ ծառատունկներով կարելի է վերականգնել վերջին 10 տարվա անտառահատումներից առաջացած վնասը:

Ըստ պարոն Այվազյանի, նախարարությունը արդեն հրաժարվել է ամանորյա եղեւնիների հատումից: «Երկու հոգու դատի եմ տալիս եղեւնիներ կտրելու համար»,-եղեւնիների վաճառքը դադարեցնելուց 137 օր հետո տեղեկացնում է բնապահպանության նախարարը:

Ի դեպ ըստ նրա, շուտով Հայաստանում կաշխատի օդի աղտոտումը վերացնող «7-8 միլիոնանոց մի ծրագիր»: Դա լինելու է արտասահմանյան կազմակերպությունների փոխհատուցումը Հայաստանում բնապահպանական տեսանկյունից վնասակար գործունեության դիմաց: