Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԸ Ա1+-ԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՋՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Հասարակություն

Ագոյի խումբը ԱԺ ի ղեկավարության, Արդարադատության նախարարի եւ ՀՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաեւ Ա1+ի եթերազրկման հարցը:

«Ա1+ի փակումով փաստորեն ընդդիմությունը զրկվել է տեսակետ հայտնելու հնարավորությունից», - նախագահի հետ զրույցի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել դեսպան Ագոն: Իսկ նախագահը իր հերթին խոստացել է ապահովել Ա1+ ի համար լիարժեք իրավունք հաջող մասնակցելու հաջորդ մրցույթին եւ այդպիսով լուծել հարցը: Պարզվում է, որ նախագահն է Ա1+ ին իրավունք տալու մասնակցել եւ հաղթել հաճախականությունների մրցույթին:

Իսկ ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանից տեղեկացանք, որ նախագահը Ագոյի խմբին ներկայացրել է Ա1+ ի փակման «իրական» պատճառները: Այսինքն՝ հեռուստաընկերությունը փակվել է բացառապես օրենքի շրջանակներում, այն էլ ընդդիմության մշակած օրենքի /ի նկատի ունի Շավարշ Քոչարյանին/ պատճառով: Նա նաեւ պատմել է իր նախաձեռնած քայլերի մասին՝ մի շարք առաջարկներ՝ ընհուպ մինչեւ հանրային հեռուստատեսությամբ եթերի հնարավորություն: Նախագահը սակայն «ցավով» նկատել է, որ Ա1+ ի կոլեկտիվը հրաժարվել է առաջարկներից: «Ա1+ը գոլորշին բաց թողելու միջոց էր, այսօր իսկապես անհրաժեշտ է նման մի հեռուստաընկերություն եւ եթե հարցը չլուծվի ես ստիպված եմ լինելու հորինել նոր Ա1+» - այս հանճարեղ միտքը Ագոյի համար կրկնել է ՀՀ նախագահը,- տեղեկանում ենք Արմեն Մարտիրոսյանից: Եվրախորհրդի վերահսկողական խումբն էլ ողջունել է նախագահի առողջ դատողությունները /սա փոխարտգործնախարարի գնահատականով/: Սակայն այլ քաջատեղյակ աղբյուրից տեղեկանում ենք, որ բավական սուր է եղել Ագոյի տեսակետը եւ դիրքորոշումը Ա1+ ի հարցում:

Հիշեցնենք, որ Ա1+ը դատարանում վիճարկում է մրցույթի օրինականության հարցը եւ ոչ թե օրենքի հետ ունեցած խնդիրները: Եվ ավելացնենք, որ Ա1+ ը նպատակ ունի վերականգնել 37-րդ հաճախականությամբ հեռարձակվելու իր իրավունքը եւ մտադիր չէ մասնակցել այլ հաճախականությունների մրցույթին: