Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ԷՌՆԵԿ ՄԵԶ, ՈՐ ԷՌՆԵԿՅԱՆԸ ՀԱՅ Է»

Հասարակություն

Որքան թեժանում են կրքերը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, նույնքան էլ լարվում է նաեւ մթնոլորտը ԱԺ-ում: Այս իրավիճակի շուրջ պատգամավորների կարծիքներն է փորձում պարզել Մամուլի Ազգային Ակումբը՝ «Հրատապ Թեմա» հանդիպումների միջոցով: Այս անգամ լրագրողների հյուրը ԱԺ պատգամավոր, գործարար եւ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մանվել Բադեյանն էր: Վերջինիս կարծիքով, շատ է ասած հասարակության դժգոհությունը. «Ես տեսա այդ հասարակությանը մի քանի օր առաջ ԱԺ պատերի մոտ: Դա մոտ 100-200մարդ էր»:

Պատգամավորի ասածը վերաբերում է այն բազմությանը, որը 3 օր առաջ Աժ-ից պահանջում էր սկսել Հանրապետության նախագահի իմպիչմենտի գործընթացը: Իսկ այն բանից հետո, երբ մարդիկ տեսան, որ Մանվել Բադեյանը փորձում է լքել ԱԺ-ի շենքը՝ խուսափելով իրենց հետ հանդիպելուց, հավաքվածները պատգամավորին ճանապարհեցին «ամոթ» վանկարկումներով:

Այսօր, Մանվել Բադեյանը հայտարարում է, որ որպես նախագահի հավանական թեկնածուներ լուրջ չի ընդունում բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպող քաղաքական գործիչներին. «Ես այդ մարդկանց մասին վատ բան չեմ ուզում ասել, բայց նրանք, իհարկե, ալտերնատիվա չեն»:

ՀԺԿ-ի շարքերից դուրս եկած եւ այնուհետեւ նորաստեղծ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ դարձած Մանվել Բադեյանը նշում է, որ իրենց կուսակցությունում այսօր կա մոտ 5 500 անդամ, որոնք կողմնակից են պետականամետ քաղաքականությանը: Կուսակցությունը պատրաստվում է ընտրությունների, սակայն այդ շրջանում ում հետ կհամագործակցի կամ ում կպաշտպանի դեռ պաշտոնապես չի հայտարարվում:

ԱԺ-ի այս եռօրյա աշխատանքներին պատգամավորների մեջ մեծ տարաձայնություն էր առաջացրել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին հանձնելու պայմանագրի քննարկումը: Պատգամավորը հակադրվում է այն ուժերին, որոնք կտրականապես դեմ են օդանավակայանը նման պայմանագրով կառավարման հանձնելու, որոնք պնդում են, որ այդ պայմանագիրը ՀՀ-յան պատմության մեջ ամենավատ պայմանագիրն է, որ Զվարթնոցը արժանանալու է ԱրմենՏելի եւ Կոնյակի Գործարանի ճակատագրին:

«Այն ինչ հիմա կատարվում է օդանավակայանում բոլորին քաջ հայտնի է եւ վատը այն չէ, որ վատ է: Վատը այն է, որ գնալով վատանում է: Այն պայմանները, որը ներկայացրել է Էռնեկյանը կարծր է բավականաչափ: Որպես քաղաքացի, որպես տնտեսագետ, որպես մարդ կուզեի ավելի փափուկ պայմանագիր տեսնեի», - ասում է Մանվել Բադեյանը:

Սակայն պայմանագրին կողմ լինելու իր որոշումը պատգամավորը բացատրում է նրանով, որ չարիքներից ընտրում է փոքրագույնը եւ որ «Զվարթնոցը» կառավարելու էլ ոչ մի ցանկացող չկա: Բացի այդ պատգամավորը նաեւ համոզում է լրագրողներին հավատալ Էռնեկյանին, քանի որ, ըստ պատգամավորի, «էռնեկ մեզ, որ Էռնեկյանը Հայ է»: