Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԿԱՐ ԳՐՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐ ԳՐՈՒԹՅՈՒՆ... ԿԱ՞Ր ԹԵ ՉԿԱ՞Ր, ՉԿԱ՞Ր ԹԵ ԿԱ՞Ր...

Հասարակություն

Հեռուստատեսության եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Էդիթ Խաչատրյանը մայիսի 13-ին պատասխանել է «Ա1+» -ի նոր հայցադիմումին: Հիշեցնենք, որ այս անգամ «Ա1+»-ը մայիսի 17-ին Տնտեսական դատարանում վիճարկելու է Հայաստանի Հեռուստատեսային Ցանց ՊՓԲԸ-ի անօրինական գործողությունները. այն է ՝ «Ա1+» - հաղորդակի ապօրինի անջատումը: Այդ օրինախախտումն, ի դեպ, ՀՀՑ ընկերությունը կատարել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գրության հիմման վրա:

Վերջինիս ներկայացուցիչ Էդիթ Խաչատրյանը փորձում է կրկին թյուրիմացության մեջ գցել Տնտեսական դատարանին: Էդիթ Խաչատրյանը գրում է . «Մելտեքսի» ՝ տնտեսական դատարան ուղարկված դիմումում խոսվում է հանձնաժողովի 02.04.2002թ թիվ 12-92 գրության մասին, որով իբր հանձնաժովը պահանջել է Հայաստանի Հեռուստատեսային Ցանց ՊՓԲԸ-ին դադարեցնել Ա1+ ալիքի հեռարձակումը : «Իրականում նման գրություն գոյություն չունի» , - համոզված է Է. Խաչատրյանը:

Իհարկե, այնքան էլ լավ բան չէ, երբ մի ամբողջ ԱԶԳԱՅԻՆ հանձնաժողովի ներկայացուցիչը կաղում է հիշողությունից: Բարեբախտաբար այդ գրության մասին լավ են հիշում ՀՀՑ ընկերությունում: Ավելին, նրանք այդ գրությունը ներկայացրել են տնտեսական դատարանին: Իսկ տնտեսական դատարանն էլ ` «Ա1+» -ին:

Իսկ չարաբաստիկ այդ գրությունում սեւով սպիտակի վրա գրված է, որ ազգային հանձնաժողովի նախագահ Ամալյանը , «խնդրում է Հայաստանի Հեռուստատեսային Ցանց ընկերությունից տալ համապատասխան հանձնարարական, որով դադարեցվի «Մելտեքս» ՍՊ ընկերությանը 37-րդ կապուղիով հեռարձակման ծառայությունների մատուցումը»:

Մեկնաբանություններն ավելորդ են: