Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՈՒՂԻՆ. ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ՈՒՂՂԻՂ ԴԵՊԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐ

Հասարակություն

Ազատության հրապարակից դեպի Ազգային ժողով երեկվա երթի մասնակիցների մի մասը ձերբակալված է: Իրավապահ մարմինները գիշերն արդեն նրանց ՆԳ բաժիններ են տարել: Ձերբակալվել են ոչ միայն երթը կազմակերպած 13 կուսակցությունների անդամները, այլեւ անկուսակցական քաղաքացիներ: Երթի մասնակիցների նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ, ընդհուպ 15-օրյա կալանք:

Ցուցարարների ձերբակալման դեպքեր գրանցվել են ոչ միայն Երեւանում , այլեւ Թալինում, Աշտարակում, Աբովյանում,Արմավիրում, Գյումրիում: Ընդդիմադիր կուսակցությունների գյումրեցի ներկայացուցիչներին` Հունան Մազմանյանին ու Արտաշես Կարապետյանին ՆԳ բաժին չեն տարվել սոսկ այն պատճառով, որ դեռեւս Երեւանում են: Գյումրի վերադադառնալուն պես նրանք պետք է ներկայանան քաղաքի ՆԳ բաժին:

Երթի կազմակերպիչները հայտարարում են, որ իշխանությունները ամեն գնով փորձում են երկրում ամրապնդել վախի մթնոլորտը, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջող կուսակցություններին դրդել անօրինական գործողությունների: Սակայն նրանք պայքարելու են միայն օրինական ճանապարհով: