Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌՆԵՏՆԵՐԸ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՑ

Հասարակություն

«Մինչ մենք այս հանրահավաքին ելույթներ ենք ունենում, պատգամավորները ԱԺ-ից փախչում են»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղ.խորհրդի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա ելույթին միացավ «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը, կոչ անելով երկար խոսելու փոխարեն անհապաղ սկսել քայլերթը եւ ավելացրեց. «Փախչող կենդանիներին առնետներ են անվանում: Գնանք, հաշվենք, քանի առնետ կա ԱԺ-ում»:

Երթի մասնակիցները «Ռո-բերտ հե-ռա-ցիր» վանկարկումներով Ազատության հրապարակից հասան Ազգային Ժողովի շենքի մոտ: Երթի մասնակիցներին ԱԺ-ի բոլոր մուտքերի մոտ սպասում էին վերջիններիս թիվը գերազանցող ոստիկաններ: Ոստիկանների խիտ շարքերը ճեղքելով, շենքից դուրս եկած պատգամավորները խոստացան երկրի նախագահի պաշտոնանկության համար ստորագրահավաք սկսել: Սակայն ստորագրահավաքն այսօր իրագործել չհաջողվեց, քանի որ անհրաժեշտ 44 ստորագրություն հավաքելն անիրագործելի էր պատգամավորների բացակայության պատճառով.նրանց ճնշող մեծամասնությունը հեռացել էր ԱԺ-ից:

Հանրահավաքի նախաձեռնողները խոստացան վաղը կրկին ժամը 15.00.-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպել եւ ավելի մեծ թվով մասնակիցների հետ ԱԺ-ի շենքի մոտ նախագահի պաշտոնանկություն պահանջել: