Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԵՆՏԵԼԸ ԴԵՌ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Տնտեսություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Ինտերնետային հեռախոսակապի ծառայություններ մատուցելու իրավունքի վեճը, նախատեսվում էր, որ կավարտվի Կառավարության 2004 թ. նոյեմբերի 3-ի որոշմամբ: Դրա համաձայն երեկվանից IP ծառայություններով զբաղվող ձեռներեցները զրկվում են իրենց բիզնեսից: Այդ ընկերությունները, կառավարության որոշման համաձայն, «2005 թվականի հունվարի 20-ից ունենալու են միայն մուտքային զանգեր ունենալու հնարավորություն, առանց ելքային զանգերի հնարավորության»: «

ԱրմենՏել» հ/ձ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ ընկերությունը պատրաստվում է ինքն իրականացնել ինտերնետային հեռախոսակապի ծառայությունները: Ընկերությունում պատրաստվում է այդ աշխատանքների ժամանակացույցը: Թե երբ «ԱրմենՏել»-ը բաժանորդներին կմատուցի այդ ծառայությունը, դեռ հայտնի չէ: Ընկերության լրատվական ծառայությունից պատասխանում են, որ «շատ շուտով»: Սակագների մասին նույնպես առայժմ ոչ մի հստակ բան չի նշվում: Այնուամենայնիվ, դեռ վաղուց պարզ էր, որ «ԱրմենՏել» հ/ձ-ն ինտերնետային հեռախոսակապի ծառայություները բաժանորդներին կառաջարկի ավելի բարձր գնով, քան դրանք անում էին առանձին կազմակերպությունները:

Երեկվա այդ առանձին կազմակերպությունները շարունակում էին բնակչությանը ծառայություն մատուցել: Կազմակերպություններից մեկի ղեկավար Արմենակ Խաչատրյանից տեղեկացանք, որ իրենց ընկերություներն առայժմ որեւէ պաշտոնական գրություն չեն ստացել` գործունեությունը կասեցնելու վերաբերյալ: Մեր հարցին ի պատասխան, որ այդ մասին գոյություն ունի կառավարության որոշում, պարոն Խաչատրյանը նշեց. «Այդ որոշումը նոյեմբերի 3-ին է ընդունվել, ուստի այդ տրամաբանությամբ այդ օրվանից էլ չպետք է աշխատեինք»: Երեկվա դրությամբ, ընկերություների աշխատանքը ոչ մի կերպ չէր խոչնդոտվում: Իսկ մտավախություն չունե՞ն, որ վաղը չեն աշխատի հարցին, ստացանք հետեւյալ պատասխանը. «Առանց մտավախության բիզնես չկա»:

Հանրությանը ծայրաստիճան հետաքրքրում է «ԱրմենՏել»-ի մեկ այլ գործունեություն եւս. երբ է ընկերությունը բաժանելու «իզի» քարտերի նոր խմբաքանակ: «ԱրմենՏել» հ/ձ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ բոլորի երազանքը դարձած «իզի»-ները բաժանորդներին կտրամադրվեն փետրվարին: Որքան «իզի» քարտ է հանվելու վաճառքի, կբավարարվի՞ պահանջարկը, բոլոր բաժանորդագրվածներին կհասնե՞ն «իզի»-ներ եւ բազմաթիվ այլ հարցեր առայժմ մնացին անպատասխան: Քանի որ «ԱրմենՏել»-ում էլ դեռ այդ հարցերը հստակեցված չեն:

ԼԵՆԱ ԲԱԴԵՅԱՆ