Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ , ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ

Մշակույթ

Դժվար է ասել թե քանի սիրահար երազում իր սիրեցյալի ձեռքից ջուր կխմի, բայց հազարավոր երիտասարդներ այս գիշեր աղաբլիթ կուտի` սպասելով Սուրբ Սարգսի նախանշանին: Հայ առաքելական եկեղեցին հունվարի 22-ին նշում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու՝ Մարտիրոսի եւ 14 զինվորների հիշատակության օրը: Կապադովկիացի զորավարը իր զինակիցների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Սուրբ Սարգիսը ժողովրդական հավատալիքներում ընկալվում է իբրեւ ամուսնության հովանավոր:

Զրույցներից մեկի համաձայն, մի աղքատ աշուղ սիրահարվում է հարուստի աղջկա: Աղջիկը նույնպես սիրում է նրան, բայց հայրը հավանություն չի տալիս նրանց ամուսնությանը եւ մտածում է նրան ուրիշին կնության տալ: Երիտասարդ աշուղը գնում է օտար երկիր՝ հարստություն ձեռք բերելու եւ հրաժեշտի ժամանակ ասում է աղջկան. «Եթե յոթ տարուց հետո չվերադառնամ, ապա դու ազատ ես եւ կարող ես ուրիշի հետ ամուսնանալ»: Յոթ տարի անց՝ վերադարձին նա ուշանում է եւ վերջին օրը հասկանում, որ դեռ մի քանի օրվա ճանապարհ ունի անցնելու:

Հուսահատության մեջ նա Սուրբ Սարգսին է կանչում: Վերջինս իսկույն հայտնվում է, նրան առնում է իր ձիու գավակին ու ասում. «Աչքերդ փակի՛ր»: Նա փակում է աչքերը: Ապա նա մտքի պես արագ՝ սլանում է սար ու ձորի վրայով եւ հետո ասում աշուղին. «Բաց արա՛ աչքերդ»: Նա բացում է աչքերը եւ իրեն տեսնում իր հայրենի քաղաքում եւ այնուհետեւ ամուսնանում իր սիրած աղջկա հետ:

Սբ. Սարգիս զորավարի անվան հետ կապվում են բազմաթիվ այլ հրաշքներ ու ժողովրդական սովորություններ: Ավանդապաշտ ժողովուրդը Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը, դռան առաջ սկուտեղով լի փոխինձ է դնում այն ակնկալությամբ, որ լուսադեմին Սբ. Սարգիսն անցնելիս իր ոտնահետքը թողնի փոխինձի վրա՝ ի վավերացումն երազների իրականացման:

Երիտասարդ աղջիկներն ու տղաները Սբ. Սարգսի հետ են կապում իրենց երազանքների ու իղձերի կատարումը: Քնելուց առաջ նրանք աղի բլիթ են ուտում՝ երազում իրենց ապագա սիրեցյալին տեսնելու հույսով:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, առավել էականը աղոթքն է առ Աստված Սբ. Սարգսի բարեխոսությամբ: Աստված է, որ սրբի բարեխոսությամբ պատասխանում է աղոթքներին:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրեւ երիտասարդների օրհնության օր: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է Սբ. Պատարագ եւ երիտասարդների օրհնության հատուկ կարգ: