Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՇԵՆԳԱՎԻԹՆ» ՈՒ «ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐԸ»` ՓԱՅՏԵ ՏՆԱԿՆԵՐՈՒՄ

Հասարակություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

«Էրեբունի» թանգարանի երկու մասնաճյուղերը` «Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր» թանգարաններն այսօր տեղավորված են փայտե ամառանոցային տնակներում, որոնք զուրկ են կենցաղային տարրական պայմաններից: «Էրեբունի» թանագարանի տնօրեն Սուրեն Մալխասյանի հավաստմամբ «Կարմիր բլուր» թանգարանի շենքը 1939թ. եղել է հնագիտական արշավախմբի ղեկավար Բ. Պիոտրովսկու ժամանակավոր կացարանը: Թե՛ «Շենգավիթ», թե՛ «Կարմիր բլուր» թանգարաններում գտնվող հնագիտական արժեքները թվագրվում են հազարամյակներով (Շենգավիթինը` մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակ, Կարմիր բլուրինը` մ.թ.ա. 1-ին հազարամյակ):

Վերջերս «Շենգավիթ» թանգարանի մի քանի հազար ցուցանմուշներ հնագետները տեղափոխել են «Էրեբունի» թանգարան, որպեսզի հայտնաբերված հնագիտական աշխատանքները չվնասվեն:

«Եթե «Էրեբունի» թանգարանին կապիտալ վերանորոգում է անհրաժեշտ, ապա «Շենգավիթ» եւ «Կարմիր բլուր» թանգարանները ոչ մի կերպ չեն համապատասխանում թանգարանային շենքի պարամետրերին: Իրենց պահպանության տարածքներով «Կարմիր բլուր»-ը 150 հա է զբաղեցնում, «Շենգավիթ»-ը`13 հա, «Էրեբունի»-ն`50հա: Ճիշտ կլինի, եթե այդ տնակները քանդվեն, իսկ թանգարանների շենքերը կառուցվեն նոր տեղում, որպեսզի իրենց դիրքով հսկեն արգելոցի ողջ տարածքը»,- կարծում է Սուրեն Մալխասյանը: Նա նաեւ նշեց, որ, դեռեւս 1968 թվականից հնավայրերում պարբերաբար պեղումներ չեն կատարվում, եւ թանգարանի աշխատակիցների ուշադրությունը սեւեռված է եղել հուշարձանների պահպանության վրա:

Ինչ վերաբերում է նոր շենքերի կառուցմանը, ապա թանգարանի տնօրենի ողջ հույսը Լինսի հիմնադրամն է:

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ