Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՄԵՆՔ ՈՏՔՈՎ ՀԱՍՆԵՆՔ ԵՎՐՈՊԱ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Թուրքիան 1963թ-ից դիմել է Եվրամիությանը անդամակցելու համար, եւ ահա այսօր` դեկտեմբերի 17-ին, պարզ կդառնա՝ ԵՄ-ն սկսու՞մ է նրա հետ բանակցություններ, թե՞ ոչ: «Ամենայն հավանականությամբ՝ այո՛, եթե նույնիսկ վերջնական որոշում չկայացվի, կարծում եմ, որ չի մերժվի, եւ գործընթացը կշարունակվի»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Մեզ համար սա կարեւորվում է հատկապես նրանով, որ ԵՄ-Թուրքիա բանակցությունների օրակարգի առարկա են դառնալու հայ-թուրքական սահմանի բացման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը:

Աղասի Ենոքյանի գնահատմամբ, Թուրքիայի՝ ԵՄ -ին անդամակցությունը միայն Հայաստանի օգտին է: Եվրոպան առավել շահագրգիռ կլինի Հայաստանի անվտանգության խնդրով, կներմուծվեն ժողովրդավարացման նոր մոտեցումներ, կհեշտանա Եվրոպա հասնելու ուղին:

«Երեւանից 20 կմ այն կողմ արդեն լինում է Եվրոպա: Այսինքն՝ մի առողջ տղամարդ, առավոտյան վազելով, իր տնից կարող է հասնել Եվրոպա»,- նկատում է քաղաքագետը: Սա կհաջողվի միայն հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Այն իրականում այնքան էլ հեշտ չէ եւ, ըստ քաղաքագետի, հույսը չպետք է դնել միայն Եվրոպայի վրա եւ այդ կախված է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունից: Թուրքիան, Առեւտրի Համաշխարհային կազմակերպությանն անդամակցելիս կարողացել է հասնել նրան, որ. «Իր համար բացառություն արվի հարեւանի հետ հարաբերություններում»:

Ըստ Աղասի Ենոքյանի, հայ իշխանավորներից նրանք, ովքեր ամենաբարձր ամբիոններից հայտարարում են, որ Հայաստանը մեկուսացված էլ կարող է զարգանալ, կատարում են Ռուսաստանի պատվերը:

«Եթե հայ-թուրքական սահմանը բացվի եւ, ի վերջո, ռեգիոնում կոմունիկացիաները նորմալ բնույթ ընդունեն, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, որ Վրաստանը չեն հիշի Ռուսաստանի մասին: Բոլորի համար ակհայտ կդառնա որ Կովկասյան լեռները ոչ թե միացնում են Հարավային Կովկասը Ռուսաստանին, այլ ընդհակառակը: Ռուսաստանը, իր ազդեցությունը չկորցնելու համար, խցանումներ է առաջացնելու մեր տարածաշրջանում»,- կանխատեսում է քաղաքագետը:

Մի՞թե Թուրքիան համապատասխանում է ԵՄ չափանիշներին: « Թուրքիայի ընդգրկումը Եվրոպայի մեջ դա կնշանակի լուրջ զիջումներ եվրոպական ստանդարտներին՝ բոլոր առումներով՝ թե քաղաքական, թե տնտեսական , թե ժողովրդավարական: Սակայն միեւնույն ժամանակ Թուրքիան հսկայական շուկա է Եվրոպայի համար, ունի շատ մեծ բնակչություն: Իսկ ամենակարեւորը՝ վերահսկելով Թուրքիան՝ Եվրոպան կարող է վերահսկել էմիգրացիոն գործընթացները, ինչը մեծ խնդիր է այսօր Եվրոպայում»,- ասում է Աղասի Ենոքյանը: Ի դեպ, նկատվում է միտում, որ Եվրոպան սկսել է ընդլայնվել՝ առանց հաշվի առնելու ամրագրված չափանիշները. «Ռումինիայի, Բուլղարիայի հետ, որոնք շատ մոտ չեն եվրոպական ստանդարտներին, կարող են բանակցությունների սկսվել, ինչը ցույց է տալիս, ցույց է Եվրոպայում պրոցեսները կարող են այլ կերպ ընթանալ, արագացված տեմպերով»:

Տարօրինակ է, բայց ԱՄՆ-ն, որի համար Եվրոպան հիմնական տնտեսական մրցակիցն է, շահագրգռված է նրա ընդլայնմամբ:

«Ընդլայնվող Եվրոպան իջեցնում է իր չափանիշները, շատ ավելի դժվար է որոշումներ, մանավանդ միասնական արտաքին քաղաքականության վերաբերյալ, կայացնելը: Այսինքն ընդլայնվող Եվրոպա նշանակում է նաեւ խարխլվող Եվրոպա»,- բացատրում է Աղասի Ենոքյանը:

ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ