Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԳՏԻՐ ՔՈ ԹՇՆԱՄՈՒՆ»

Հասարակություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Մի քանի օր առաջ Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը տեղեկացել է, որ առանց իր մասնակցությամբ նոյեմբերի 26-ին դատական նիստ է տեղի ունեցել, եւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերի պալատը անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի վճիռը: Այսինքն՝ ուժի մեջ է մնացել Մշակույթի հայկական ֆոնդին՝ Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեի շենքի իր աշխատասենյակներից վտարելու որոշումը: Արեւշատ Ավագյանին զարմացրել է Վճռաբեկ դատարանի որոշումը, քանի որ, իր խոսքերով, իրենք հիմա, դատարանի առաջարկով, բանակցում են ԳԱԱ-ի հետ: Որոշումը նաեւ եզրակացությունների հիմք է դարձել: «Պարզ է դառնում, որ ԳԱԱ-ն միայն գործիք է: Կա մի գաղտնի ուժ, որի թելադրանքով ե՛ւ գործում է ԳԱԱ-ն, ե՛ւ դատական համակարգը»,- ասում է Արեւշատ Ավագյանը : Նրա կարծիքով, դատարանը իր հապշտապ որոշմամբ փորձել է «գլխացավից պրծնել եւ ուրիշներին գլխացավի մեջ գցել», միաժամանակ «անհանդուրժողականություն, թշնամություն, կռիվներ սերմանել»: Մշակույթի հայկական ֆոնդի նախագահը հիմա մտածում է , որ մի՞գուցե պետք է հետեւել ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի խորհրդին ու գտնել «իր թշնամուն»:

Բայց մինչ այդ Արեւշատ Ավագյանը եւ Գր. Լուսավորիչ հասցեի 15 շենքի՝ փողոցում հայտնվելու վտանգի առջեւ կանգնած մնացած կազմակերպությունները սպասում են վարչապետի պատասխանին:

Հիշեցնենք, որ «Մելտեքս»ՍՊԸ՝ «Ա1+» հեռուստաընկերությունը, Մշակույթի հայկական ֆոնդը, «Գարուն» եւ «Աղբյուր» ամսագրերը նամակով դիմել են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին՝ « երկար տարիներ զբաղեցրած տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով»:

Նամակագիրները նաեւ հիշեցրել են, որ. «Շենքը (Գր. Լուսավորիչ 15) սեփականաշնորհելու դեպքում մենք ունենք սեփականատեր դառնալու իրավունք եւ առաջնահերթություն, որն ամրագրված է ՀՀ քաղ. օր. 187,178 հոդվածներում»: Արդեն անցել է կես ամիս, սակայն նամակի պատասխան առայժմ չկա: Մի՞գուցե շենքն արդեն սեփականաշնորհված է:

Կարինե Ասատրյան