Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՋՈՒՆԳԼԻՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության բազմաերաշխիք համակարգի ձեւավորման նպատակով հանրապետության ղեկավարությունը շարունակելու է նպատակաուղղված աշխատանք ծավալել տարբեր ուղղություններով: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հայտարարեց Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի կազմակերպած «Հարավային Կովկաս. տարածաշրջանային անվտանգության խնդիրներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Միջոցառմանը Սերժ Սարգսյանը հրավիրվել էր որպես հիմնական զեկուցող, եւ 30 րոպեի ընթացքում նա անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը եւ անվտանգության տարածաշրջանային համակարգերին:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն ընդունում է այն տեսակետը, որ «մեր տարածաշրջանը, իրոք, նման է ջունգլիի: Եւ եթե լինեինք, օրինակ՝ Լյուքսեմբուրգի տեղը, հավանաբար, ուրիշ ձեւի կմտածեինք»:

Հայաստանի ռազմաքաղաքական ինտեգրման քաղաքականության մասին զեկույցը ներկայացվում էր Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի, ՌԴ դեսպանության եւ այլ կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ: Ռազմաքաղաքական կոմպլեմենտար քաղաքականության վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարը հարկ համարեց նշել, որ Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպությունը իր ծրագրի անդամ-պետություններին չի սահմանափակում այլ ծրագրերին մասնակցելու առումով: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը շեշտեց, որ Հայաստանի ռազմավարական հիմնական գործընկերը Ռուսաստանն է, որի հետ կա համագործակցություն ռազմական, ռազմատեխնիկական, գիտական եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Բացի այդ Ռուսաստանը նաեւ իր կապիտալն է ներդրել Հայաստանում: Իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար լրացուցիչ անվտանգության երաշխիքներ է ստեղծում:

Ինչ վերաբերում է համագործակցության ծավալներին, ապա ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում 2004 թվականին Հայաստանը մասնակցել է շուրջ 47 միջոցառումների եւ 5 զորավարժությունների: 2005-ի համար նախատեսվում է կազմակերպել 50 միջոցառում եւ 8 զորավարժություն:

Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը ամրագրված է 60 պայմանագրերով եւ տարեկան այդ համագործակցության ուղղությամբ կազմակերպվում են 50-60 միջոցառումներ: