Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈԲԲԻՍՏՆԵՐԸ ԸՆԴՀԱՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼՈՒ ՈՒ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ

Քաղաքականություն

«Յուրաքանչյուր պատգամավոր իր ընտրողների լոբբիստն է , յուրաքանչյուր կուսակցություն իր գաղափարակիրների ու կողմնակիցների լոբբիստն է, հայկական մենթալիտետի համաձայն յուրաքանչյուր ոք արդեն լոբբիզմ է իրականացնում իր այն ծանոթ-բարեկամի միջոցով, որ պաշտոնական դիրք է գրավում: Բայց եթե խումբ ես, չունես ծանոթ, չունես հնարավորություններ, բայց ցանկություն ունես կյանքը լավացնելու, լսելի դառնալու առանց ցույցեր , երթեր անցկացնելով, ապա կարող ես լոբբիստ վարձել»,-ասաց ԱԺ-ում «Միավորված աշխատանքային կուսակցության» խմբակցության փորձագետ Հովսեփ Ղազարյանը՝ «Լոբբիստական գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգի քննարկման ժամանակ:

Այն կազմակերպել էր ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը՝ ՀՀ արդարադատության եւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների հետ համատեղ: Ամառվանից գործող աշխատանքային խումբը օրենքի հայեցակարգում սահմանում է, որ լոբբիստական գործունեությունը ենթակա է լիցենզավորման:

«Հասարակության շահերը պաշտպանելու համար է »,- բացատրում է Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը: Իսկ դրա համար լոբբիստը պետք է լինի «ազնիվ մարդ», ունենա բարձրագույն կրթություն, դիտավորյալ հանցագործության համար դատված չլինի: Արտոնագիրը պարզ ընթացակարգով երեք օրվա ընթացքում տրամադրելու է Ֆինանսների նախարարությունը:

Այս օրենքը, ըստ աշխատանքային խմբի ներկայացուցիչների, պետք է նպաստի որոշումների կայացման գործընթացում «անսահմանափակ հնարավորություններ ունեցողների իրավունքների սահմանափակմանը եւ հնարավորություններ չունեցողների իրավունքների ավելացմանը»:

Իսկ հնարավո՞ր է դա իրականա, երբ նույն օրինագծով սահմանվում է, որ լոբբիստը գործում է պատվիրատուի ֆինանսավորմամբ: Մեր հարցին՝ աշխատանքային խմբի անդամ Հովսեփ Պողոսյանը պատասխանեց, թե իրենք ենթադրում են, որ հիմնականում լոբբիստ կպատվիրեն հասարակական կազմակերպությունները:

Կանխատեսվում է, որ «Լոբբիստական գործունեության մասին» օրինագիծը կքննարկվի ԱԺ գարնանային նստաշրջանում: