Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն

Այսօր «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը հրավիրված ասուլիսի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ազատագրված տարածքները հանձնելու շուրջ վերջին ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների կապապցությամբ. «Տարածքների հանձնման անհրաժեշտության եւ անխուսափելիության մասին ավելի քան չորս տարի ծավալվող քարոզչական աղմուկը իր գագաթնակետին է հասել»:

Ըստ նրանց, այս գործընթացին փոխադարձ համաձայնությամբ շարունակում են մասնակցել ներկա եւ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանի խոսքերով, ազատագրված տարածքների հարցը փաստորեն պատերազմից հետո առաջին վիճարկվող հարցն է եւ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկությունների առանցքը:

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Արցախյան հիմնախնդիրը չունի եւ չի կարող ունենալ միջազգային լուծում. ոչ Մինսկի խմբի, ոչ Եվրախորհրդի եւ ոչ էլ այլ ձեւաչափով:Հիմնախնդրի հայկական լուծումը միակն է եւ ենթադրում է ազատագրված բոլոր շրջանների լիարժեք եւ շուտափույթ բնակեցում:

Կազմակերպությունը գտնում է, որ հայ մարդը ստիպված չէ ընտրություն կատարել տարբեր ժամանակների իշխանավորների հավանությանն արժանացած տարատեսակ պարտվողական ծրագրերի միջեւ, այլ կարող է հեղինակել սեփական ծրագիր, որը կերաշխավորի իր արժանապատիվ եւ անվտանգ կյանքը հայրենի երկրում: