Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՔՐ Է ԵՎ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ

Տնտեսություն

Այս տեսակետը այսօր արտահայտեց Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը: Նա մասնակցում էր «ՀՀ բանկային համակարգը. տարվա ամփոփում, հետագա ծրագրեր» թեմայով սեմինարին, որը կազմակերպել էր Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ արեց ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանին եւ նրա փոխարեն մինչ օրս պաշտոնավարում է Տիգրան Սարգսյանը: Վերջինս իր նախորդի ներկայությամբ այսօր ասաց, որ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը մշակվել է դեռեւս 90-ականներին, եւ մինչ օրս փոփոխության կամ վերանայման չի ենթարկվել:

Օրվա թեմայի` բանկային համակարգի վերաբերյալ ճշտեցինք Բագրատ Ասատրյանի տեսակետը. «Մենք 7-10 տարի շարումակ խոսում ենք բանկային համակարգի միեւնույն պրոբլեմների մասին, եւ մեր անհանգստությունը պետք է կայանա նրանում, որ կան պրոբլեմներ, որոնք 10 տարում լուծում չեն ստացել: Իսկ դա նշանակում է, որ մեր բանկային համակարգը փոքր է, չի զարգանում»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Նրա կարծիքով, դրամի արժեվորումը պետք է անհանգստացնի բոլորին. «Դա երեւույթ է, որ մեր տնտեսությանը հատուկ չպետք է լիներ: Մեզանում մակրոտնտեսական կայունությունը լուրջ քննարկման առարկա պետք է դառնա, քանի որ եթե մենք ունենք բյուջեի, վճարային հաշվեկշռի, եւ այլ դեֆիցիտներ, ուրեմն ներկայիս կայունությունը խոցելի է: Բերեք 15 լուրջ գորոծոններ, որ ես ասեմ` դրամի արժեվորումը դրնցով է պայմանավորված»:

Բագրատ Ասատրյանի կարծիքով, որեւէ երկրի ազգային արժույթի դեֆլյացիան պետք է պայմանավորված լինի առնվազն 15 գործոնով. «Իհարկե, թիվ մեկ գործոնը եղել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ինչի շուրջ պրոֆեսիոնալ քննարկում պետք է ծավալել: Երկրորդը` պետք է դիտարկենք «մակրոտնտեսական քաղաքականությունը-ծրագրավորումը-իրականություն»-ը, այդ թվում նաեւ աճի տեմպերի զգալի գերազանցումը ծրագրվածից»:

Տնտեսագետի կարծիքով, դրամի դեֆլյացիայից ակնհայտորեն շահել են ներկրողները, հատկապես` բենզինի, որոնք նաեւ քիչ հարկ են վճարել. «Բյուջեն` իհարկե կորցրել է, այդ թվում նաեւ վառելիքի եւ ծխախոտի ակցիզային հարկերից, որոնք մեր բյուջեի զգալի մասն են»:

Իսկ պետության հասարակ քաղաքացիները միայն կորցրել են: Այս պարզաբանումները ԿԲ նախկին ղեկավարից հաջողվեց ստանալ սեմինարի ավարտին, քանի որ միջոցառման ընթացքում նա որեւէ տեսակետ չհայտնեց եւ չօգտվեց զեկուցող Տիգրան Սարգսյանին հարց ուղղելու հնարավորությունից: