Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԿԲԵՐԻ ՀՄԱՅԱԿԸ

Քաղաքականություն

Դեկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու նպատակով այսօր ամբողջ օրը խորհրդարանում ստորագրություններ էր հավաքում անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Նրա նախաձեռնությամբ հրավիրվելիք արտահերթ նիստը պետք է քննարկի խորհրդային ժամանակաշրջանում բանկերում ավանդադրած գումարների վերադարձի հարցը:

Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնության ժամկետը, ըստ կանոնակարգի, կլրանա ստորագրահավաքի սկսելու պահից 24 ժամ անց՝ վաղը ժամը 14:00-ին: Պատգամավորների պահանջով արտահերթ նիստ գումարելու ընթացակարգը հետեւյալն է. եթե հավաքվի 44 պատգամավորի ստորագրություն, ապա արտահերթ նիստի օրը նշանակում է ՀՀ նախագահը, եթե հավաքվի 66 ստորագրություն, ապա արտահերթ նիստի օրը եւ ժամը նշանակվում է ստորագրահավաքի նախաձեռնողի պահանջով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր 2005 թվականի բյուջեի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ ԱԺ շենք էին հրավիրվելու բոլոր այն պատգամավորները, որոնք եւ երեկ, եւ այսօր բացակայում էին խորհրդարանից, Հմայակ Հովհաննիսյանը որոշել էր ստորագրահավաքը ակտիվացնել այսօր: Ներկա դրությամբ, պատգամավորին հաջողվել է հավաքել 52 պատգամավորի ստորագրություն:

Այն ինչ չհաջողվեց քաղաքական ուժերին, հաջողվեց Հմայակ Հովհաննիսյանին: Այսօր իրենց սկզբունքային տեսակետների պատճառով կոալիցիան «պառակտվեց»: Ավանդների վերադարձի հարցը ԱԺ-ում քննարկելու անհրաժեշտություն չեն տեսնում ՀՅԴ եւ «Հանրապետական» խմբակցությունների անդամները, որոնք հրաժարվել են ստորագրել փաստաթղթի տակ:
Բացառությամբ 4 պատգամավորի «Օրինաց Երկիր» խմբակցության մնացած 17 պատգամավորները միացել են Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությանը:

Հակառակ կոալիցիային, խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական որոշում կայացրեց եւ «Արդարություն» ու «Ազգային Միաբանություն» խմբակցություններն ամբողջ կազմով մասնակցել են ստորագրահավաքին: Բացառության կարգով, այս դեպքում եւ տվյալ հարցի քննարկման ժամանակ ընդդիմությունը պատրաստվում է մասնակցել արտահերթ նիստին:

Ի դեպ, «Արդարություն»-ից չի ստորագրել միայն Ալբերտ Բազեյանը, այն էլ մի պարզ պատճառով, որ պատգամավորը քաղաքում չէ:

Իսկ «ՄԱԿ» խմբակցությունն ու «Ժողպատգամավոր» խումբը ստորագրահավաքին մասնակցել են մասնակի: Քանի որ Հմայակ Հովհաննիսյանը դեռ ժամանակ ունի ստորագրություններ հավաքելու, նա հույսը չի կտրել հավաքված ստորագրությունների թիվը ավելացնելու համար:

Հաշվարկելով այն պատգամավորներին, որոնք հանրապետությունում չեն, բայց վաղը վերադառնալու են, նաեւ այսօր ԱԺ-ից բացակայող պատգամավորների նախնական համաձայնությունը հաշվի առնելով Հմայակ Հովհաննիսյանը նախատեսում է ստորագրությունների թիվը հասցնել 60-ի: Դրանից ավելի շատ ստորագրություն հավաքելու հույս պատգամավորը չունի:

Ամեն դեպքում նախաձեռնած ստորագրահավաքի նշված արդյունքն էլ Հմայակ Հավհաննիսյանը համարում է դրական: Ըստ պատգամավորի, այն փաստը, որ խորհրդարանը բաժանվել է գրեթե երկու մասի՝ արդեն շատ բանի մասին է խոսում: